Ստեփանակերտում կայացել է Յաիր Աուրոնի` Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտում կայացել է Յաիր Աուրոնի` Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում փետրվարի 23-ին տեղի է ունեցել իսրայելցի գրող, ցեղասպանագետ, պատմաբան Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն. սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը։ Եբրայերեն բնօրինակով գիրքը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, լույս է տեսել նաև հայերեն, անգլերեն և ռուսերեն թարգմանությամբ։ Հեղինակը գրքում զուգահեռներ, համեմատություններ է անցկացնում հայ և հրեա ժողովուրդների միջև։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, Յաիր Աուրոնը նշել է, որ իր գլխավոր նպատակն է եղել հրեական Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը համադրող գրքով ընթերցողին ներկայացնել փաստեր հայ ժողովրդի Ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաև Պաղեստինի հրեական համայնքի ու սիոնիզմի առաջնորդների վերաբերմունքը հայերի ցեղասպանության փաստի առնչությամբ, որը 20-րդ դարասկզբին իրագործվել է Օսմանյան կայսրությունում։ «Լինելով ցեղասպանագետ` գրում եմ աշխարհի բոլոր ցեղասպանությունների մասին։ Արցախում իմ տեսածը շատ հուզիչ է։ Եղել եմ նաև առաջնագծում, շատ տպավորված եմ, հատկապես, որ անձամբ ծառայել եմ բանակում և վիրավորվել։ Ես ինձ զգում եմ որպես ձեր հայրենակից, որովհետև գրեթե նույն ճակատագիրն ենք ունեցել։ Շարունակելով իմ մարդասիրական առաքելությունը` պայքարելու եմ այն նպատակի համար, որպեսզի այս գիրքը հասանելի դառնա միջազգային հանրությանը»,-ասել է Յաիր Աուրոնը։

Միջոցառման վերջում Արցախի գրողների միության նախագահ, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով հյուրին Արցախ այցելելու և գրքով Հայոց ցեղասպանությանն անդրադառնալու համար, Յաիր Աուրոնին շնորհել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի պրոֆեսորի կոչում։ Միջոցառմանը ներկա են եղել գրողներ և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում