«Լենինականցին չոքող չէ իշխանության դեմ». Գյումրեցի տաքսիստները ոտքի են կանգնել. տեսանյութ

«Լենինականցին չոքող չէ իշխանության դեմ». Գյումրեցի տաքսիստները ոտքի են կանգնել. տեսանյութ

Գյումրեցի անհատ տաքսիստներն իրենց դժգոհությունն են հայտնում տաքսի վարելու լիցենզավորման նոր կարգի դեմ: 12 հազար դրամ վճարումն ու հաշվիչների պարտադիր տեղադրումը համարում են անհնար: Գյումրիում տաքսիստներն ի վիճակի չեն մտնել հարկային դաշտ, միանշանակ հայտարարում են տաքսու վարորդները՝ խորհուրդ տալով համապատասխան մարմիններին Շիրակի մարզի, Գյումրիի վարորդների համար սահմանել արտոնություններ:

Տաքսի ծառայությունների գործունեության նոր օրենքը նրանք նաեւ թերի են համարում:

«Ինչ գուզեն էս քյասիբ ժողովրդից էս կառավարությունը, էս չեղած կառավարությունը: Հիմի էլ ընկել են տաքսիների հետեւից: Ես օրը մեկ կամ երկու պասադկա կենեմ, 7 հոգի կպահեմ…»:

«Մեր ղեկավարությունից առաջին հերթին պահանջում եմ՝ թող ստեղծեն աշխատատեղեր, որպեսզի ժողովուրդը կարողանա աշխատել: Ի վիճակի չենք, փող չենք աշխատի, որ տանինք վճարենք»,- բարձրաձայնում են տաքսու վարորդները:

Տաքսիստները նշում են, որ գնալով երկրում վիճակն ավելի է վատթարանում, մարդիկ վճարունակ չեն, եւ հիմա պարտադրել նոր օրենք անհեթեթ են համարում:

«Մենք ի վիճակի չենք: Երեւանն ու մյուս քաղաքները համեմատել չի լինի: Իրենք դրեցին նույն ստանդարտ Երեւանի գինը: Մենք հրաժարվեցինք, չմուծեցինք: Անցավ քանի տարի, ժողովրդի վիճակը շա՞տ լավացավ, հա՞, որ որոշել են դնել մեզի էս ձեւի չոքցնել: Մենք չոքող չենք, մանավանդ լենինականցին չոքող չէ հեչ մի իշխանության դեմ: Լենինականցին քանի մը օր առաջ իրա չչոքելը ցույց տվեց, ու չենք էլ չոքի ու իշխանությանը չենք ենթարկվի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում էին վարորդները:

Հիշեցնենք, որ նոր կարգը պարտադրում է՝ լիզենզավորված բոլոր տաքսիները պետք է ունենան հաշվիչ, հաշվիչները պետք է լինեն ստուգաչափված, իսկ դեղին պետհամարանիշ կրելու պահանջը հանվել է:

Հարկ է նշել, որ տաքսիների լիցենզավորման նոր պայմանները պարտադրում են, որ վարորդները հանրապետության ամենահեռավոր մարզերից պետք է հասնեն Երեւան հաշվիչները ստուգաչափելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում