«Օրորոցից մինչև խրամատ». Ազատ Ասոյանի հիշատակը հավերժացնող ֆիլմ և լսարանի բացում (տեսանյութ, ֆոտո)

«Օրորոցից մինչև խրամատ». Ազատ Ասոյանի հիշատակը հավերժացնող ֆիլմ և լսարանի բացում (տեսանյութ, ֆոտո)

Այսօր՝ փետրվարի 24-ին, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում բացվել է ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհված Ազատ Ասոյանի անվան լսարան՝ նախաձեռնությամբ ԵՊՀ ռեկտորատի, Իրավագիտության ֆակուլտետի և «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի:

Լսարանը բացելու պատիվը վերապահվել է Ազատի մորը՝ Մանուշակ Բալյանին:

Միջոցառմանը  ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնյաներ, Ազատի ուսուցիչները, ընկերներն ու հարազատները:

«ԵՊՀ-ում ավանդույթ կա՝ մեր հերոսների անուններով լսարաններ ենք բացում: Լավ կլիներ, որ փխրուն խաղաղության պայմաններում մեր երիտասարդները չզոհվեին,  այս արարողությունները չլինեին, բայց այսօր հպարտ ենք, որ երիտասարդների մեջ Ազատի նման մարդիկ կան, ովքեր պատրաստ են իրենց արյան գնով սահման պահել: Սա ճիշտ դաստիարակություն է, որի համար գլուխ ենք խոնարհում ծնողների առջև»,– ասել է  ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը համաձայնել է՝ երկակի զգացում է՝ ցավ և հպարտություն: Ի դեպ, Իրավագիտության ֆակուլտետում  սա նմանատիպ արդեն 6-րդ լսարանն է:

Հիշեցնենք, որ 2014-ի հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Ադրբեջանական  դիվերսիոն խմբին հետ մղելիս զոհվում են ՊԲ զինծառայողներ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը: 20-ամյա Ազատ Ասոյանը, ում զորացրվելուն տասն օր էր մնացել,  հանգչում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

ՀՀ Նախագահի հրամանագրով Ազատ Ասոյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության» մեդալով` հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար:

Հավելենք, որ Ազատ Ասոյանին նվիրված «Օրորոցից մինչև խրամատ» վերնագրով ֆիլմ է պատրաստվել, որտեղ օգտագործվել են արխիվային կադրեր Ազատի և նրա ընտանիքի վերաբերյալ:

Լուսանկարը՝ ԵՊՀ “Վարդանանք” ՌՀԴԱ-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում