Էրդողանը շարունակում է «գյուլենականների» ջարդը Թուրքիայում

Էրդողանը շարունակում է «գյուլենականների» ջարդը Թուրքիայում

Անկարայի ոստիկանության կողմից, այսպես կոչված, «ապօրինի հեռախոսային լսումների» հետ կապված «զուգահեռ կառույցի» դեմ այս գիշեր անցկացված հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի 54 կողմնակից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ բերման ենթարկվածներից 35-ը կալանավորվել են:

Ըստ գործակալության` հատուկ գործողությունները ներկայում շարունակվում են Թուրքիայի տարբեր նահանգներում, Բոլուում, Դուզջեում, Քոնիայում, Հաքքարիում, Դիարբեքիրում եւ եւս 20 քաղաքներում:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Գյուլենի շարժման (նուրսիստներ) դեմ պայքարի շրջանակում Թուրքիայի պետական կառույցներում սպասվում են վերջին շրջանում ամենամասշտաբային կադրային փոխատեղումները: Ենթադրվում է, որ նուրսիստների դեմ պայքարի շրջանակում գործնականում փոխվելու են Թուրքիայի պետական վարչությունների բոլոր ղեկավարները:

Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:

Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում