Գալուստ Սահակյանը կիսում է Փաշինյանի մտահոգությունները
Նմանատիպ
Հայաստանում գործող հեռուստաընկերությունները, որոնք ցուցադրում են ռուսերեն ֆիլմեր, օրենք չեն խախտում: Այս մասին Ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013թ. գործունեության հաղորդման քննարկման ընթացքում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե օրենքի խախտում չէ՞ արդյոք հայկական հեռուստաալիքներով ռուսերեն ֆիլմեր հեռարձակելը: «Պետք է ասեմ, որ Հանրային հեռուստաընկերությունը բոլոր ֆիլմերը թարգմանում է հայերեն և նման խնդիր չունի, իսկ մնացած հեռուստաընկերությունները օրական ռուսերեն 1-2 ֆիլմ են ցույց տալիս: Օրենքով էլ սահմանված է, որ այդ հեռուստաընկերությունները որոշակի տոկոսի չափով ռուսերենով ֆիլմեր ցույց տալու իրավունք ունեն: Դա ազգային փոքրամասնությունների համար է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բունիաթյանը:
ՀՌԱՀ նախագահը վստահեցրեց նաև, որ բոլոր հեռուստաընկերություններն էլ ցանկանում են, որպեսզի ֆիլմերը թարգմանեն և ցուցադրեն հայերեն, սակայն դա բավականին լուրջ ֆինանսական միջոցներ պահանջող հարց է, և բոլորը չէ, որ ունեն նման հնարավորություն: «Նրանք ցանկանում են թարգմանել ֆիլմերը, սակայն շատ դժվար է դա ապահովել բոլոր հեռուստաընկերությունների համար: Մեր շուկան այսօր այդ հնարավորությունը չունի: Իսկ օրենքի առումով այստեղ որևէ խնդիր չկա»,- հավաստիացրեց Բունիաթյանը:
Անդրադառնալով պատգամավորի այն հարցադրմանը, թե եթե ռուսերենով ֆիլմերը ցուցադրվում են ազգային փոքրամասնությունների համար, ինչու՞ եզդիերեն, հունարեն կամ ասորերեն ֆիլմեր չեն ցուցադրվում, Բունիաթյանն ընդգծեց, որ այդ լեզուներով ֆիլմերի ցուցադրության անհրաժեշտություն չկա, չկան նաև ֆիլմեր այդ լեզուներով:
Նիկոլ Փաշինյանին մտահոգում է նաև այն հանգամանքը, որ Հանրային ռադիոն, որի հաղորդումները պետք է սփռվեն ՀՀ ողջ տարածքով, իրականում հանրապետության ողջ տարածքում չէ, որ հասանելի է: «Երբ, օրինակ, մենք հեռանում ենք Երևանից, լինում են վայրեր, որտեղ Հանրային ռադիոն հասանելի չէ: Հաճախ ստիպված ենք լինում փնտրել, որպեսզի գտնենք Հանրային ռադիոյի հաճախականությունը, իսկ այդ ընթացքում պարզում ենք, որ մեզ մոտ թուրքական և ադրբեջանական որոշ ռադիոընկերություններ ավելի հասանելի են, քան Հանրային ռադիոն: Սա լուրջ խնդիր է մեզ համար, որովհետև, եթե Աստված մի արասցե, երկրում որևէ արտակարգ դեպք լինի, ճանապարհին գտնվող մարդիկ պետք է ռադիոյի միջոցով դրա մասին իմանան: Սա, կարծում եմ, այն հարցն է, որը պետք է անհանգստացնի նաև Ձեր հանձնաժողովին, պարոն Բունիաթյան»,- ընդգծեց Փաշինյանը:
Ի պատասխան պատգամավորի հարցադրմանը, Բունիաթյանն ընդգծեց, որ այդ խնդիրն ուղղակիորեն ՀՌԱՀ-ին չի առնչվում, սական վստահեցրեց, որ խնդիրն իրենց մտահոգում է: «Ես կարող եմ ասել, որ մենք խնդիրը բարձրացրել ենք, և հանրային ռադիոյի տնօրինությունն ակտիվորեն աշխատում է այդ հարցը կարգավորելու ուղղությամբ»,- ասաց Բունիաթյանը:
Նիկոլ Փաշինյանի մտահոգությունները կիսում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Ես լիովին համամիտ եմ Ձեզ հետ, պարոն Փաշինյան: Ինչպես ասում էր Իսահակյանը՝ «Ճար կա, ճար անող չկա»: Ես կարծում եմ, որ այս խնդիրները պետք է շատ խորքային դրվեն»,- նշեց Սահակյանը:
Ազգային ժողովը քննարկում է ՀՌԱՀ 2013թ. գործունեության հաշվետվությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում