Ստամբուլում ադրբեջանցիներին արգելել են հակահայկական միջոցառում անցկացնել

Ստամբուլում ադրբեջանցիներին արգելել են հակահայկական միջոցառում անցկացնել

Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանը մերժել է «Եվրոպա-Ազերբայջան» միության կողմից, այսպես կոչված, «Խոջալուի ողբերգությանը» նվիրված միջոցառումների անցկացումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական աղբյուրները, Ադրբեջանի Նախագահի դստեր` Լեյլա Ալիեւայի ղեկավարած` «Խոջալուի արդարություն» կոչված արշավի շրջանակում Ստամբուլի թանգարանում պետք է կատարվեր «Անվերջ միջանցք» ֆիլմի եւ գրքի շնորհանդեսը, որում ադրբեջանական կողմն ամբողջությամբ կեղծված է ներկայացնում ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանի իրադարձությունները եւ ազգամիջյան թշնամանք քարոզում:

Ստամբուլի ժամանակակից արվեստների թանգարանը միջոցառման անցկացումը մերժել է` հղում կատարելով այն բանին, որ տվյալ ֆիլմը հակահայկական բնույթի է:

Լեյլա Ալիեւայի հիշյալ կազմակերպությունը զբաղվում է աշխարհով մեկ հակահայկական բնույթի քարոզչությամբ:

Ադրբեջանը մշտապես աղավաղում է 1992թ.-ին պատերազմական գործողությունների ժամանակ Աղդամի մոտակայքում տեղի ունեցած իրադարձությունների իսկությունը, որոնք այն ներկայացնում է որպես «Խոջալուի դեպքեր»: Համաձայն միջազգային տարբեր կազմակերպությունների եւ ադրբեջանական բարձրաստիճան ղեկավարների` ներառյալ այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի վկայակոչումների, այդ իրադարձությունները կազմակերպվել էին Ադրբեջանի «Ազգային ճակատ» ընդդիմության կողմից` այդ ժամանակաշրջանի ադրբեջանական ղեկավարությունից ձերբազատվելու համար:

1992թ.-ի փետրվարի 26-ին, Ղարաբաղում պատերազմի ժամանակ, Աղդամ քաղաքի մոտակայքում, չպարզաբանված հանգամանքներում զոհվել է 200-ից մինչեւ 300 մարդ (դա միջազգային իրավապաշտպան Human Right Watch կազմակերպության տվյալներով, իսկ Ադրբեջանի կողմից պրոպագանդվող վարկածով` 600-ից ավելի), ովքեր Ադրբեջանի իշխանությունների կողմից դիտավորյալ կերպով պահվում էին ռազմական գործողությունների էպիկենտրոնում: Շրջափակված Ստեփանակերտը ռմբակոծության ենթարկող 5 կրակակետերից մեկը հանդիսացող Խոջալուի բնակչությունը, հիմնականում թուրք-մեսխեթցիներ, երկար ամիսների ընթացքում բռնությամբ պահվում էր ավանում եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից կանխամտածված չէին տարհանվում` հետագայում նրանց որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի կողմից թողնված մարդասիրական միջանցքով ավանը լքած Խոջալուի բնակիչներն անարգել անցել են 10 կմ-ից ավելի եւ հասել ադրբեջանական զորքերի կողմից վերահսկվող Աղդամ քաղաքի մատույցներ: Ավելի ուշ ադրբեջանական զորքերի դիրքերին անմիջական մոտ հայտնաբերվել են ավանի զոհված բնակիչների մարմինները: Զոհվածների ճշգրիտ թվաքանակը մնում է անհայտ, քանի որ պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Աղդամի մոտ քաղաքացիական անձանց ողբերգական մահվան հետաքննության գծով Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը Հեյդար Ալիեւի կարգադրությամբ ցրվել է, իսկ հետաքննության նյութերը`գաղտնագրվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում