Երկու զոհ սահմանում։ Չավուշօղլուի ադրբեջանյան այցի առաջին հետևանքները
Նմանատիպ
Փետրվարի 18-ին ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, ամփոփելով իր տարածաշրջանային այցի արդյունքները, հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը հանդարտեցնելու հարցում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ընթացքում առաջընթաց է ձեռք բերել, որի արդյունքում «մոտ օրերին շփման գծում խաղաղություն կհաստատվի»։ Ամերիկացի դիվանագետը նշել էր, որ ցանկանում են խաղաղ տարածաշրջան և կողմերի միջև ուղիղ բանակցություններ տեսնել։ Նուլանդն այնքան էր ոգևորվել իր այցի ձեռքբերումներից, որ անգամ որոշել էր «մարդասիրական» առաքելությամբ հանդես գալ` պահանջելով հայկական կողմից Ադրբեջանին հանձնել Արցախում դատապարտված երկու դիվերսանտներին։
ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի այցն ու դրա հիմնական նպատակները առանձին քննության լուրջ թեմա են։ Վստահ եմ` Նուլանդի գլխավոր խնդիրը Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակին համապատասխան ԱՄՆ արտաքին քաղաքականություն մշակելն է։ Բոլորովին վերջերս Հայաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում իրենց պաշտոնները ստանձնեցին նաև Միացյալ Նահանգների նոր դեսպանները։ Պաշտոնական Վաշինգտոնը, անկասկած, մեծ ծավալի աշխատանք է տանելու առաջիկայում մեր տարածաշրջանում։ Հնարավոր է անգամ` փոփոխության ենթարկվի ոչ միայն նրանց մարտավարությունը, այլև ռազմավարությունը։ Բայց այդ ամենը դեռ մշակման փուլում է, և դժվար է ասել, թե երբ վերջնական տեսքի կգա։ Փաստն այն է, որ վերջին տարիներին Միացյալ Նահանգների ներկայությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում բավական թուլացել է և այդ հանգամանքից օգտվել են ասյտեղ աշխարհաքաղաքական շահ հետապնդող ուժի ուրիշ կենտրոնները։ Հատկապես Ռուսաստանն ու Թուրքիան, որոնցից առաջինն «իրենով արեց» Հայաստանը, իսկ երկրորդը` Ադրբեջանը։
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հարավային Կովկասում` արևմտյան աշխարհի համար կարևոր այս տարածշրջանում, Միացյալ Նահանգների կամ Եվրամիության շահերը վերջին հերթին են հաշվի առնվում։ Իսկ գործերի ընթացքը քիչ թե շատ իրենց համար ընդունելի հուն տեղափոխեկու ամերիկացիների ջանքերը լուրջ դիմադրության են հանդիպում։ Այսպես, Նուլանդի այցից անմիջապես հետո Ադրբեջան շտապեց Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։ Բնականաբար` ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի հիմնական ուղերձներին հակադիր քաղաքական օրակարգով։ Վերջինս շատ ակտիվ աշխատեց Ադրբեջանում։ Բաքվում գտնվելու իր երեք օրերի ընթացքում Չավուշօղլուն դարձել էր հակահայկական քարոզչության թյուրքական աշխարհի առաջամարտիկը։ Նա առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում լուծելը Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայությունների թվում է»։ Չավուշօղլուն նշել է նաև, որ հակամարտությունը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Սևծովյան ողջ տարածաշրջանի և միջազգային հանրության համար։ Այդ իսկ պատճառով թուրք դիվանագետը խոստացել է ադրբեջանցի իր գործընկերներին մշտապես բարձրաձայնել այդ հարցը միջազգային տարբեր հարթակներում։
Վիկտորիա Նուլանդի և Մեվլյութ Չավուշօղլուի այցերն Ադրբեջան ամենաուղիղ ձևով փոխկապակցված են հայ-ադրբեջանական սահմանում առկա իրավիճակի և հայկական պետությունների արտաքին անվտանգության հետ։ Նրանցից առաջինը հորդորում է Բաքվին զերծ մնալ սադրիչ գործողություններից և պատրաստվել խաղաղ բանակցությունների, երկրորդը` ակտիվացնել գործողությունները սահմանում, հնարավոր է` նաև պատերազմ վերսկսել։ Թե՛ Միացյալ Նահանգների և թե՛ Թուրքիայի շահերը պարզ և հասկանալի են, հարցը միայն այն էր, թե ո՞ր հորդորներին ականջալուր կլինի Ադրբեջանի իշխանությունը։ Ընդ որում, այդ հարցի պատասխանն ստանալու համար երկար ժամանակ չպահանջվեց. փետրվարի 28-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ նրանք ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Թշնամու հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է, բայց ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը…
Ցավոք, սա Չավուշօղլուի ադրբեջանյան այցի առջաին հետևանքներն էին միայն։ Վերջերս առիթ ունեցել եմ նշելու, որ անհրաժեշտ է նախապատրաստվել երկարատև հակամարտության։ Թուրքիան բավական շատ ժամանակ ու ջանք է ներդրել Ադրբեջանը զինելու և Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստելու համար։ Եվ այսօր, երբ Անկարային խիստ անհրաժեշտ է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից, նրանք պահանջում են Ադրբեջանից արդարացնել բոլոր այդ ներդրումները և կրակել հայկական պետությունների ուղղությամբ։ Իսկ Ադրբեջանը, իբրև Թուրքիայի քաղաքականության «շարունակություն» Հարավային Կովկասում, բնականաբար, ենթարկվում է։ Եվ կարևոր չէ, թե ինչ է պահանջել Նուլանդը Բաքվում։ Ալիևի վարչակազմի համար դա երկրորդական նշանակություն ունի։ Կարևոն Անկարայում կայացված որոշումներն են։ Չէ՞ որ հենց Թուրքիան է դարձել Ադրբեջանի և նրա վարչակազմի շահերի հիմնական պաշտպանը միջազգային ասպարեզում։
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում