Սիրիայի ընդդիմությունը դժգոհում է ՄԱԿ-ի բանագնացի նախաձեռնությունից

Սիրիայի ընդդիմությունը դժգոհում է ՄԱԿ-ի բանագնացի նախաձեռնությունից

Սիրիայի զինված ընդդիմությունը դժգոհ է Հալեպում հաշտեցման ռեժիմի ծրագրից, որն առաջարկել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի ազատ բանակի ղեկավարներից Աբդ ալ Ջաբբար ալ Օկեյդին: «Կրակի դադարեցումը պետք է ընդգրկի երկրի ողջ տարածքը, միայն այս հիմքով մենք պատրաստ ենք բանակցություններ վարել»,- նշել է նա:

Նա ՄԱԿ-ի բանագնացից պահանջել է մշակել ծրագիր, որը վերջ կդնի սիրիացիների տառապանքներին և կհանգեցնի Բաշար ալ Ասադի և իր կողմնակիցների հեռացմանը: Նրա խոսքով` բոլոր այն անձինք, ովքեր մեղավոր են ռազմական հանցագործությունների մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Ալ Օկեյդին գլխավորել է հեղափոխական ուժերի կոմիտեն, որը ստեղծվել էր դե Միստուրայի հետ բանակցելու համար: Կոմիտեի մեջ չեն մտնում ապստամբներ, որոնք կապ ունեն ծայրահեղական կազմակերպությունների հետ:

Փետրվարի 28-ին ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան Դամասկոսում բանակցություններ էր վարել Սիրիայի փոխվարչապետ, արտգործնախարար Ուալիդ ալ Մուալլեմի հետ՝ քննարկելով Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքում կրակը դադարեցնելու ծրագիրը: Հանդիպումից հետո հայտարարվել է կողմերի միջև համաձայնության մասին, ըստ որի Հալեպ կուղարկվի ՄԱԿ-ի հանձնախումբ` տեղում իրավիճակին կծանոթանալու նպատակով:

Հալեպը 2012-ից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում: Քաղաքը բաժանվել է 2 մասի՝ արևմտյան թաղամասերը պաշտպանում է սիրիական բանակը, իսկ արևելյանը՝ գտնվում է 2 տասնյակ զինված խմբավորումների հսկողության տակ:

Դե Միստուրան առաջարկել է փորձնական կրակը դադարեցնել Սեյֆ ադ Դաուլա և Սալահ ադ Դին թաղամասերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում