«Հայկական ժամանակ». Բյուջեի կատարողականի հաստատումը շանս` ԲՀԿ-ի կողմից վարչապետին պաշտոնանկ անելու

«Վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության ցանկացած ձևաչափ, ցանկացած հանգամանքներ, որոնց բերմամբ այդ պաշտոնանկությունը կարող է տեղի ունենալ և այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը մեր կողմից ողջունվում են»:
«ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ այսպիսի հայտարարություն է արել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը’ ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք 2011 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը կարող է առիթ դառնալ վարչապետի պաշտոնանկության համար: 2011-ի բյուջեի կատարման մասին հաշվետվությունն արդեն տեղադրված է խորհրդարանի կայքում, և իր աշնանային նստաշրջանի ընթացքում Աժ-ն կամ պետք է հաստատի, կամ’ ոչ: Հաշվետվությունը չհաստատելու դեպքում կառավարության անվստահության հարց է առաջանում:
Դատելով վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած քաղաքական կուրսի հանդեպ խորհրդարանական չորս խմբակցության ների ունեցած դիրքորոշումից’ քաղաքական այս ուժերը փորձելու են հասնել 2011 թվականի բյուջեի կատարողականի տապալմանը, ինչը կարող է հանգեցնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի բարձրացմանը:
Բանն այն է, որ խորհրդարանն իր աշնանային նստաշրջանում գետք է քննարկի 2011 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, որը կառավարությունն արդեն ուղարկել է Ազգային ժողով: Ըստ Աժ կանոնակարգ-օրենքի 89-րդ հոդվածի 5-րդ կետի, բյուջեի կատարողականի շուրջ մտքերի փոխանակության ավարտից հետո եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը, որը կարող է’ ա) քվեարկության դնել բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, բ) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու առնչությամբ դնել կառավարության վստահության հարցը: Նույն հոդվածի 6-րդ կետում էլ նշված է, որ եթե բյուջեի կատարողականը հաստատելու առաջարկությունը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա կառավարությունը կարող է դնել իր անվստահության հարցը: Իսկ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է, որ հանրապետության նախագահը ընդունում է կառավարության հրաժարականը’ կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում: Ինքը’ ՀՀ նախագահը, ըստ Սահմանադրության, չի կարող պաշտոնանկ անել վարչապետին, վարչապետը կամ պետք է անձամբ հրաժարական տա, կամ Ազգային ժողովը նրան անվստահություն հայտնի: Մի խոսքով, բյուջեի կատարողականի հաստատումը շանս է, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստանի» համար’ հասնել վարչապետի պաշտոնանկությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում