Հայաստանի հնագույն հուշարձաններից մեկը պահպանության ու ցուցադրության կարիք ունի

Հայաստանի հնագույն հուշարձաններից մեկը պահպանության ու ցուցադրության կարիք ունի

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի վարչական տարածքում է գտնվում Հայաստանի հեթանոսական ժամանակաշրջանի բացառիկ հուշարձաններից մեկը՝ Վիշապաքարը, որը հողի տակից դուրս է բերվել նախորդ դարի 70-ական թվականներին, մելիորատիվ աշխատանքներ կատարելու ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մադինա գյուղի բնակիչ, նախկին լրագրող եւ անասնաբույծ Խորեն Կարապետյանը, Վիշապաքարի ի հայտ գալուց հետո, որը հնագետները կապում են ջրի պաշտամունքի հետ, մեկ շաբաթից ավելի հորդառատ, անդադար անձրեւ է թափվել: Չափերով մեծ, հղկված բազալտ քարի վրա պատկերված է ցլի գլուխ եւ մարդու թեւեր ու ձեռքեր հիշեցնող գծեր` տեսնողի մոտ տպավորություն ստեղծելով, թե նման արարածներ ինչ-որ ժամանակ գուցե քայլել են այս բազմախորհուրդ հողի վրայով: Վիշապաքարը գտնվում է Ագրիջայի սարահարթում, Սեւան թափվող ամենաջրառատ գետի՝ Արգիճիի ափին, որտեղ պահպանվում են նաեւ տասնյակ հին բնակատեղիների հետքեր, հնագույն դամբարաններ: Վիշապաքարն իր հայտնաբերման օրից մինչ հիմա անփոփոխ դիրքում է, առանց վնասվելու, սակայն ժամանակի ընթացքում այն թեքվել է իր ուղիղ դիրքից, պատկերներն աստիճանաբար սկսել են քայքայվել ու խունանալ արեւից ու անձրեւից:

Բացառիկ այս հուշարձանի մասին քիչ տեղեկություն ունեն թե՛ մեր հայրենակիցները, թե՛ արտասահմանցի զբոսաշրջիկներն ու գիտնականները: Ըստ Խորեն Կարապետյանի եւ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի եւ Գեղարքունիքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հազեյանի՝ հուշարձանը հեշտ հասանելի է դարձել հատկապես Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի շահագործումից եւ Ներքին Գետաշեն-Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհի հիմնանորոգումից հետո, սակայն շատերը չգիտեն թե՛ դրա ա րժեքը, թե՝ ստույգ տեղը: Կարապետյանը եւ Հազեյանը կարծում են, որ Մադինայի գյուղապետարանը կամ պատկան մարմինները պետք է հանդես բերեն նախաձեռնություն՝ հուշարձանը նախկին դիրքին բերելու, նրա վրա ծածկ ստեղծելու, գլխավոր ճանապարհներին մայրենի եւ օտար լեզուներով ազդագրեր տեղադրելու համար: «Վիշապ-կոթողն, իրոք, թե՛ պահպանության, թե՛ ցուցադրման խնդիր ունի: Այն կերտվել է միջին բրոնզե դարում, Քրիստոսից առաջ 3-2-րդ հազարամյակում: Ճիշտ կլինի, որ այն մնա իր տեղում, որտեղ տեղադրվել է հազարամյակներ առաջ, սակայն պետք է միջոցներ գտնվեն՝ թե՛ այս, թե՛ ն ման կարգի այլ արժեքավոր հուշարձանների պահպանության եւ ցուցադրության համար, որոնք շատ-շատ են Ագրջայի սարահարթում՝ վիշապաքարեր, հնագույն ամրոցների հետքեր, ժայռապատկերներ, աղավնու եւ ձկների քանդակներ»,- նշեց Նորիկ Հազեյանը:

Խոսրով Խլղաթյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում