«Իսլամական պետությունն» այլադավաններին հանում է ակտիվ ռազմական գործողությունների տարածքներից. արաբագետ
Նմանատիպ
«Իսլամական պետությունը» փորձում է այլադավաններին հանել ակտիվ ռազմական գործողությունների տարածքներից:
Այս մասին լրագրողների հետ զրույցում մարտի 3-ին նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, որ նման բան նկատվում է և՛ Սիրիայում, և՛ Իրաքում: «Հնարավոր է, կառույցն ակնկալում է, որ փոքրամասնությունները կարող են գլուխ բարձրացնել և ապստամբել «Իսլամական պետության» դեմ: Բացի այդ, որքան էլ կոալիցիոն ուժերը հարվածներ են հասցնում «Իսլամական պետությանը», որքան էլ կառույցը զգալի կորուստներ է կրում ֆինանսական, մարդկային առումներով, այնուամենայնիվ, դեռ այն ազդեցիկ ներուժն ունի, որը նրան հնարավորություն է տալիս հակահարձակումների միջոցով նվաճել ևս որոշ տարածքներ, և սա է, որ նաև վտանգավոր է դարձնում կառույցը տարածաշրջանային զարգացումների համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սարգիս Գրիգորյանը:
Արաբագետը համոզված է, որ կան այլ իսլամական կառույցներ, որոնք ուղղորդվում են արտաքին ուժերի կողմից: «Դա նկատվում է Սիրիայում և Իրաքում: Կան բավական վտանգավոր այլ ուժեր և խմբավորումներ: Նրանց գործելաոճում և վարքագծում արդեն երկար ժամանակ նկատվում է ուղղորդում: Թուրքիան կարող է միջամտել, որ նրանք ակտիվանան նաև Սիրիայի հյուսիսարևմտյան տարածքներում, որտեղ ԻՊ-ն այնքան էլ ակտիվ չէ: Բացառել չի կարելի»,-նշեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում