«Հռչակագիրն ավելի կոշտ պիտի լիներ». Շիրխանյանը համաձայն չէ Տեր-Պետրոսյանի հետ
Նմանատիպ
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը համաձայն չէ մտքի հետ, թե տեղի է ունեցել ընդդիմության ոչնչացում՝ նկատի ունենալով ԲՀԿ-ի նկատմամբ իշխանական վերաբերմունքը:
Ըստ նրա՝ տվյալ ուժը չունի գաղափարական հենք, ուստի քաղաքական պայքարի մասին խոսք լինել չի կարող, պայքարը գնում էր միայն իշխանությունը վերցնելու համար:
Լրագրողների հետ հանդիպմանը Վահան Շիրխանյանը հիշեց 88-ի ղարաբաղյան շարժումը, երբ Մոսկվայից և տեղի գործիչներից պայքարողների հանդեպ բազմաթիվ ճնշումների էին գործադրում, բայց դրանից շարժումը չփլուզվեց: Ըստ այդմ՝ ԲՀԿ առաջնորդը շատ հանգիստ կարող էր փետրվարի 20-ի հավաքը կայացնել, եթե մղածը գաղափարական պայքար լիներ:
Վահան Շիրխանյանն ակնարկեց, թե ազգային ծրագրի անհրաժեշտություն կա, որի շուրջ հնարավոր է համախմբում բոլոր ճամբարներից:
Այստեղ պաշտպանության նախկին փոխնախարարը քննադատեց իշխանություններին, որ որևէ ուսումնասիրություն չի արվում՝ պարզելու արտագաղթի պատճառները. «Օրինակ՝ թե ինչու է երկրից գնացել Աշոտյանի պապերի Դրախտիկ գյուղի այսինչ պապիկը»:
Հանդիպմանը ներկա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն անդրադառնալով Վահան Շիրխանյանի վերևում արտահայտած մտքին, ասաց, որ ՀՀ-ում ընդդիմությունը միշտ եղել է և կլինի, այլ հարց է, թե ինչի շուրջ են համախմբվում. «Եթե կա իշխանություն, կա նաև նրանից դժգոհ զանգված, նշանակում է կա ընդդիմություն: Այլ բան է, որ եթե ընդդիմադիր կուսակցությունները միավորվեն միասնական նպատակների շուրջ, հասարակությունը կհավատա նրանց: Մինչդեռ այդ ուժերը չկարողացան միասնական նպատակ դնել, յուրաքանչյուրն իրենն ուներ»:
Հանդիպմանը չանտեսվեց նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան ելույթը:
ՀՀԿ ներկայացուցիչը դրական գնահատեց, որ ՀԱԿ առաջնորդը հավատարիմ է մնացել հայ-թուրքական և ԼՂ հարցերում իր արտաքին քաղաքական դիրքորոշմանը:
Պաշտպանության նախկին փոխնախարարն արտահայտեց իր անհամաձայնությունը համահայկական Հռչակագրի հետ կապված: Ըստ նրա՝ չի կարելի է խոսել մի երկրի՝ Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելուց, երբ վերջինս չի հրաժարվել նախապայմանների լեզվից:
«Հռչակագիրը նույնիսկ ավելի կոշտ պիտի լիներ»,-շեշտեց նա:
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի քաղաքական որակումներին, Շիրխանյանը ճիշտ չհամարեց մեկնաբանելն՝ ասելով, որ նա եղել է որակումների թիրախ քաղաքական գործիչների առաջնորդը, ուստի ավելի լավ գիտի, թե ինչ ասել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում