Թուրքական տնտեսական էքսպանսիան մարտահրավեր է Վրաստանի տարածքային ամբողջականությանը

Թուրքական տնտեսական էքսպանսիան մարտահրավեր է Վրաստանի տարածքային ամբողջականությանը

Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին մարտի 6-ին բացման խոսքով հանդես եկավ Բաթումում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ կայացած եռակողմ գործարար համաժողովի չորրորդ նիստի ժամանակ:
«Թուրքիան և Ադրբեջանը իսկական բարեկամ պետություններ են Վրաստանի համար, մեր գլխավոր ռազմավարական գործընկերները, և մենք միշտ նշում ենք մեր առևտրատնտեսական և բարեկամական հարաբերություններն Էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը»,- հայտարարել Է Վրաստանի ղեկավարը:

Վրաստանի վարչապետի ելույթը քիչ է տարբերվում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթներից, ով Թուրքիային և Ադրբեջանին համարում է Վրաստանի ռազմավարական կարևորագույն գործընկերները: Սաակաշվիլին այնքան էր տարված հակառուսական իր ծրագրերով, որ ուղղակիորեն նպաստեց Վրաստանում թուրքական էքսպանսիոնիստական քաղաքականության իրականացմանը: Ներկայումս նկատվող միտումների պահպանման դեպքում Գարիբաշվիլու` հարաբերությունների խորացման պատրաստակամությունը Վրաստանի համար դրական հետևանքների չի հանգեցնի:

2006թ-ին Ռուսաստանն էմբարգո սահմանեց վրացական գինիների նկատմամբ, ռուս-վրացական հարաբերությունները խիստ սրվեցին: 2007թ-ին ռուսական բանակին վերջին զինվորները լքեցին Աջարիայի և Ջավախքի տարածքը, որին 2008թ-ին հաջորդեց ռուս-վրացական պատերազմն ու թյուրքական պետությունների սոցիալ-տնտեսական ներխուժումը քրիստոնեական Վրաստան:

Սաակաշվիլին ավելի մեծ նվեր չէր կարող մատուցել Թուրքիային, որի համար ռուսական գործոնի առկայությունը տարածաշրջանում միշտ էլ սահմանափակող ազդեցություն է ունեցել` տարածվելու դեպի Արևելք և իրականացնելու նեոօսմանիզմի իր հավակնոտ ծրագիրը: Բացի քաղաքական նպատակներից` ռուսական գործոնի չեզոքացումը լայն պրագմատիկ հնարավորություններ էր ընձեռում Թուրքիային` գրավելու վրացական շուկան:

Թուրքիան իր տարածքով Վրաստանից մեծ է 11,4 անգամ բնակչության թվով` 16,5 անգամ, տնտեսական պոտենցիալով 44,3 անգամ:

Թուրքիայի և Վրաստանի միջև ազատ առևտրի պայմանագիր ստորագրվել է 2007թ-ի նոյեմբերի 21-ին Թբիլիսիում: Բացի այդ երկու պետությունների միջև կնքվել է նաև կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր:

Թուրքաին հանդիսանում է Վրաստնաի տնտեսության մեջ ամենամեծ ներդրումներ կատարող պետություններից մեկը: 2000թ-ից սկսած նա Վրաստանի տնտեսության մեջ ներդրել է շուրջ 1.6 միլիարդ դոլար, որն այս ընթացքում կատարված ներդրումների գրեթե 10 տոկոսն է: Այդ հարաբերությունների պիկը 2008թն էր, երբ թուրքական ներդրումները կազմեցին 164.5 միլիոն դոլար, իսկ այնուհետև նվազեցին: Օրինակ` 2013թ-ին ուղղակի ներդրումները 73.6 միլոին դոլար էին, որը 45 տոկոսով ցածր է 2008թ-ի մակարդակից: Սակայն թուրքական ներդրումներն ունեն որոշակի յուրահատկություններ, որին կանդրադառնանք ստորև:

Սկսած 2006թ-ից արտաքին առևտրաշրջանառության, իսկ 2007 թ-ից ներմուծման մակարդակով Թուրքիան Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերն է: Նրան է բաժին ընկնում Վրաստանի արտաքին առևտրի 1/7 մասը, արտաքին առևտրաշրջանառության 14.2 տոկոսը, արտահանման 6.3 տոկոսը և ներմուծման 17.1 տոկոսը:

Գնելով թուրքական ապրանքներ` Վրաստանի բնակչությունը ակտիվորեն նպաստում է Թուրքիայի տնտեսական և ֆինանսական հարստացմանը:
Վրաստանի սպառողական ծախսերի յուրաքանչյուր երրորդ կամ չորրորդ լարին բաժին է ընկնում թուրքական ապրանքների գնմանը:

Սակայն առևտրային էքսպանսիան գերազանցում է կապիտալի էքսպանսիային, որի հետևանքով էլ Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Վրաստան տասն անգամ գերազանցում է Վրաստանում Թուրքիայի կողմից կատարված ներդրումների քանակին:

Հատկանշական է Թուրքիայի վարած ներդրողական քաղաքականությունը: Թուրքական ներդրումներն ակտիվ են հատկապես այն տարածքներում, որոնց նկատմամբ Թուրքիան հավակնություններ ունի: Այսինքն` կապիտալը ներդրվում է այն նկատառումով, որ այդ տարածքները տնտեսական էքսպանսիայի հետևանքով մի օր էլ կենթարկվեն տարածքային էքսպանսիայի` ներառվելով Թուրքիայի կազմում: Տարածքային հավակնությունների առաջնահերթությունների մեջ կարևոր է հատկապես հայկական Ջավախքն ու Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը:

Ուշագրավ է Թուրքիայի և Ադրբեջանի համար կենսական կարևորություն ունեցող Բաքու–Թբիլիսի–Ջեյհան և Բաքու–Սուպսա նավթամուղերը, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը։ Այս կոմունիկացիաներն անցնում են Վրաստանի Քվեմո Քարթլիի և Ջավախքի նահանգներով, ըստ այդմ թուրք-ադրբեջանական զույգի համար կարևոր է Ջավախքը տեսնել հայաթափված և թյուրքաբնակ:

Կարդացեք նաև` Հայաստանի հյուսիսային սահմանը ևս թյուրքական զսպաշապիկ է հագնում: Ինչպե՞ս պահպանել Ջավախքում հայկական գործոնը

Այս ամենին գումարենք նաև Ջավախքում Թուրքիայի վարած տնտեսական քաղաքականությունը, որը գնալով մեծացնում է ներդրումները Ջավախքում: Ասվածի վկայությունն է նաև 2014թ-ի հոկտեմբերի 10-ին «Անադոլու գրուպ»-ի կողմից կառուցված Փարվանի ՀԷԿ-ի բացումը, որի հզորությունը 87 մեգավատտ է: Վերջին 35 տարում այս հզորությամբ հէկ Վրաստանում չի կառուցվել: Ջավախքի բնական ռեսուրսների հաշվին արտադրված էլեկտրաէներգիան արտահանվելու է նաև Թուրքիա:

Թուրքական ախորժակը հագեցնող ամենացանկալի պատառը Աջարիայի Ինքնավար Հանրապետությունն է:

Աջարիայի ստատուսը կարգավորվում է Կարսի պայմանագրով, որը 1921թ-ին կնքվել է Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների և Թուրքիայի միջև: Այդ պայմանագրի համաձայն, Բաթումի նավահանգիստը հայտարարավում է ազատ գոտի Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի համար, իսկ Թուրքիան և Ռուսաստանն իրավունք ունեն այլ պետությունների կողմից հարձակման դեպքում զորքեր մտցնել այնտեղ:

Օգոստոսյան պատերազմի նախօրեին Թուրքիան իր զորքերը մարտական պատրաստության վիճակում էր պահում և պատրաստ էր մտցնել Աջարիա: Մինչ թուրքական զորքերը կհանգրվանեն Աջարիայում` թուրքական կապիտալը հասցրել է  այն լիովին իր տիրապետությանը ենթարկել:

Թուրքիան, համաձայն իր էքսպանսիոնիստական քաղաքականության, հիմնական ներդրումները կատարում է Աջարիայում, որից վրացական կառավարությունն ու տեղի բնակչույթյունը քիչ է օգտվում:

Աջարաիայի շքեղ հյուրանոցների մեծամասնությունը պատկանում են թուրքերին, որոնք իրենց հետ բերում են աշխատողների մեծամասնությանը: Ներդրողներն ու աշխատողներն իրենց ընտանիքներով հաստատվում են Աջարիայում` հետզհետե փոխելով տեղի դեմոգրաֆիական պատկերը:

Թուրքական կապիտալով գործող հաստատություններում աշխատում են տեղի բնակչության միայն 30-40%-ը, այն էլ մի քանի անգամ ցածր աշխատավարձով` ի համեմատություն թուրքերի:

Թուրքիան մեծ գումարներ է ներդրել Բաթումի օդանավակայանի վերանորոգման համար և 2006թ-ին կարծես կցել է Թուրքիային, քանի որ այնտեղից կարել է Թուրքիա մեկնել թուրքական ներքին սակագներով:

Թուրքիայի այս քաղաքականությունն ի վերջո կհանգեցնի Աջարիայի թուրքացմանը, որն էլ հիմք կստեղծի հանրաքվեի ճանապարհով ինքնավար  հանրապետությունը կցելու Թուրքիային:

Այսպիսով, տեսնում ենք, որ Թուրքիան հստակ մշակված էքսպանսիոնիստական քաղաքականություն է վարում Վրաստանում: Վրաստանը Թուրքիայի համար սպառողական շուկա է, իսկ թուրքական ներդրումներից Վրաստանի ազգաբնակչությունը քիչ է օգուտներ ստանում: Երկարաժամկետ հեռանկարում մեր հյուսիսային հարևանը կարող է նաև տարածքային կորուստներ կրի, եթե վրացական կառավարությունը շարունակի թուրք-ադրբեջանական դուետի հետ կույր համագործակցությունը:

Անննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում