Հրանտ Մելիք-Շահնազարյան. «ՀԱԿ համակարգողը ստում է. Տեր-Պետրոսյանն իսկապես դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան»

«Ես չգիտեմ, թե ՀԱԿ-ում ինչն են անհեթեթություն համարում և, ինչը՝ ոչ: Մի բան սակայն ակնհայտ է, եթե Լևոն Զուրաբյանը, Հրանտ Բագրատյանը, Լյուդմիլա Սարգսյանը և այլք ասում են, թե Տեր-Պետրոսյանը Հայաստանի դեմ դատական հայց չի ներկայացրել, կնշանակի, որ նրանք սովորական ստախոս են»: Այս մասին Times.am-ին ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, որն այսօր Facebook-յան իր էջում գրել էր, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Եվրոդատարանում ՀՀ-ի դեմ գործ է հարուցել:

Համաձայն Հ. Մելիք-Շահնազարյանի գրառման, Տեր-Պետրոսյանը մասնավորապես բողոքել է 2008 թվականին իրեն տնային կալանքի ենթարկելու ՀՀ իշխանությունների որոշման դեմ:

«Ինձ համար տարօրինակ է, որ լրատվամիջոցներն ու Հայաստանի քաղաքացիները Տեր-Պետրոսյանի այս որոշման մասին իմացել են միայն իմ ստատուսից: Չէ՞ որ այդ տեղեկատվությունը տեղադրված է նաև Եվրոպական Դատարանի պաշտոնական կայքէջում, որտեղ սևով սպիտակի վրա ներկայացված են ՀԱԿ առաջնորդի բոլոր բողոքներն, ինչպես նաև վարույթ սկսելու մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը: Նրանց, ովքեր թերահավատորեն են մոտենում իմ խոսքերին, խորհուրդ եմ տալիս տեղեկատվություն ստանալ ոչ թե գործից անտեղյակ, այլոց զրպարտող և սուտասան գործիչներից, այլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական կայքէջից, կամ անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանից»:

Մեկնաբանելով ՀԱԿ ակտիվիստների մերժողական դիրքորոշումը՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ նրանք գիտակցում են իրենց առաջնորդի այդ քայլի անթույլատրելիությունն ու սխալը: «Հակառակ պարագայում այդքան ջանասիրաբար չէին կոծկի Հայաստանի դեմ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից դատական հայց ներկայացնելու փաստը», – եզրափակել է քաղաքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում