Փաստորեն ստեղծվել է մենաշնորհի օրինականացման հնարք Լ. Զուրաբյանը՝ Շաբոյանին (տեսանյութ)
Նմանատիպ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում պարենային շուկան և ուսումնասիրություններ է անցկացնում, քանի որ այդ շուկան սոցիալական նշանակություն ունի: Պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիտարկմանը, թե տավարի, խոզի և հավի միս, բուսական յուղ, կարագ, այլուր, ցորեն, սուրճ և մի շարք այլ մթերքներ ներմուծող ընկերությունները գերշահույթներ են ստանում, քանի որ ներկրված ապրանքը վաճառում են 100-250 տոկոս ավելի գնով, ինչի արդյունքում գերշահույթներ են ստանում, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ընդգծեց, որ պարենային շուկայում ներմուծումներ իրականացնող ընկերությունների շահույթները չարաշահում չեն, և, ըստ օրենքի, դա հիմք չի հանդիսանում, որ հանձնաժողովը շահույթը որպես չարաշահում համարի:
«Ձեր հրապարակած թվերը, թե ներմուծվող պարենային ապրանքները վաճառվում են 100-250 տոկոս ավելի գնով, իրատեսական չեն և իրականությանը չեն համապատասխանում: Մեր երկրում նման գերշահույթներ չկան: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ դա անիրատեսական է և իրականության հետ կապ չունի: Մեր երկրում չկան տնտեսվարողներ, որ կարողանան նման գերշահույթներ ապահովել»,- ընդգծեց Շաբոյանը՝ կոչ անելով ներմուծման և վաճառի գները չհամեմատել և դրա արդյունքում ինչ-որ շահութաբերության ցուցանիշներ ներկայացնել, քանի որ դա ճիշտ ճանապարհ չէ:
«Ես կրկնում եմ՝ գնագոյացման վրա կարող են ազդել բազմաթիվ գործողններ: Դրանք շատ բարդ են: Մենք այդ ուղղությամբ ունենք ուսումնասիրություններ և պատրաստ ենք դրանք ներկայացնել»,– նշեց Շաբոյանը:
Անդրադառնալով պատգամավորի մյուս դիտարկմանը, թե շաքարավազի շուկայում առաջացել է մենաշնորհային դիրք, իսկ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է, որ մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունները պետք է սահմանվեն օրենքով՝ Շաբոյանն պարզաբանեց, որ մենաշնորհային է համարվում այն ընկերությունը, որը զբաղեցնում է որևէ ոլորտում շուկայի 100 տոկոսը, իսկ Հայաստանում շաքարավազ ներմուծող մի շարք ընկերություններ կան:
Նա շեշտեց, որ թեև այդ ընկերությունները փոքր են, բայց դրանք կան, ուստի չի կարելի ասել, որ շաքարավազի ներկրման ոլորտում որևէ ընկերություն մենաշնորհաին դիրք ունի:
«Խոշոր ներդրողը «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որին պատկանում է շաքարավազի շուկայի շուրջ 90 տոկոսը: Կան նաև շաքարավազ ներկրող այլ ընկերություններ, որոնք փոքր են, սակայն ներկրում են թե’ սեփական կարիքները հոգալու, թե’ վաճառքի համար»,– հայտնեց Շաբոյանը՝ հիշեցնելով, որ որևէ երկրում մենաշնորհը կամ որևէ ոլորտում գերիշխող դիրք ունենալը չի սահմանափակվում և չի արգելվում, պարզապես հարկավոր է հետևել, որ այդ ընկերությունները հակամրցակցային պայմաններ չստեղծեն և գերիշխող դիրքի չարաշահումներ թույլ չտան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում