ՀՀ նախագահը մասնակցեց Գյումրու նորակառույց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բացման արարողությանը

Աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մասնակցել է Գյումրու նորակառույց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բացման արարողությանը:
Նախագահը շրջել է հիվանդանոցի բաժանմունքներում, ծանոթացել կատարված աշխատանքներին և հաստատության պայմաններին:
Հիվանդանոցի հիմնարկեքի արարողությանը նախագահը մասնակցել է դեռ 2010 թվականի հոկտեմբերի 23-ին, իսկ ընթացիկ տարվա ապրիլի 7-ին Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանը եղել էր կառուցվող հիվանդանոցի շինհրապարակում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, հայտնում է «Արմենպրես» գործակալությունը:
Գյումրու բժշկական կենտրոնի նախագծման աշխատանքերը մեկնարկել էին 2009 թ-ին: Կենտրոնի շենքի կառուցման եւ ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով ու պարագաներով հագեցնելու աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի վարկային միջոցների հաշվին: Ներդրվել է շուրջ 5.35 մլրդ դրամ, որից ՀՀ կառավարության համաֆինանսավորումը շուրջ 1.34 մլրդ դրամ է, իսկ Համաշխարային բանկինը’ 4.01 մլրդ դրամ:
Բուժհաստատության տնօրեն Արմեն Իսահակյանի խոսքերով, կենտրոնին տրամադրվել են մի շարք սարքավորումներ, որոնք առաջինն են Շիրակի մարզում, այդ թվում’ համակարգչային շերտադրության ժամանակակից սարք, տրեմդիլ սարք’ նախատեսված սրտամկանի ֆունկցիոնալ վիճակի գնահատման համար, բարձր արտադրողականություն ունեցող երկու ռենտգեն համալիրներ, եռաչափ ուլտրաձայնային հետազոտման սարք, որն իրականացնում է նաեւ սրտի եւ անոթների հետազոտություն:
Այսպիսով, այսուհետ Գյումրիում կգործի արդի բազմապրոֆիլ բժշկական կենտրոն’ լայն ախտորոշիչ հնարավորություննեով, ժամանակակից կահավորմամբ, վիրասրահներով, անհետաձգելի եւ ինտենսիվ բուժման բաժանմունքներով, առանձին սանհանգույց ունեցող մեկ, երկու եւ երեք տեղանոց հարմարավետ հիվանդասենյակներով, ինչպես նաեւ մայրաքաղաքի եւ արտասահմանի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում