Հայաստանը պետք է առաջինը ճանաչի ԼՂՀ անկախությունը. Արկադի Տեր-Թադևոսյան

Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմադոս) այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանը պետք է առաջինը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ըստ Կոմանդոսի` խաղաղությունը մեզ համար ավելի ձեռնտու է, սակայն եթե պատերազմ եղավ` հաղթանակը մերը կլինի:Խոսելով մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ալիևի կողմից ներում շնորհվելու մասին` Արկադի Տեր-Թադևոսյանը ասաց, որ դա նախապես ծրագրավորված քայլ է եղել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Կոմանդոսի կարծիքով այս ամենն արվում է Ալիևի վարկը ադրբեջանական հասարակության մեջ բարձրացնելու համար: Արկադի Տեր-Թադևոսյանի համոզմամբ` Սաֆարովի էքստրադիցիան և դրանից հետո ստեղծված իրավիճակը մեծացնում են արցախյան պատերազմի վերսկսման հնարավորությունը:

«Ես արդեն զգում եմ վառոդի հոտը, միակ ելքն այս իրավիճակից այն է, որ Հայաստանը կարողանա մի քանի քայլ առաջ հաշվարկել Ադրբեջանի քայլերը, որ այլևս թույլ չտանք նրանց նման գործողություններ»,-նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը մտավախություն ունի, որ Ադրբեջանը կվերացնի Սաֆարովին, քանի որ նա Ադրբեջանին այլևս պետք չէ և կեղտը Հայաստանի գլխին կկապի.

«Մենք պետք է բոլոր տարաձայնությունները մի կողմ դնենք, միանանք և ճիշտ քայլ անենք, չթողնենք, որ թշնամին պրովոկացիաներ անի։ Ադրբեջանը և Թուրքիան մտածում են երկրորդ քայլն անել: Նրանք արդեն ծրագիր ունեն: Իրենք նայում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, իսկ այն, ինչ կատարվում է՝ իրենց շատ ձեռնտու է, ինչպես շախմատում իրենք հիմա մտածում են ապագա քայլերի մասին: Առաջին քայլով հենց Ադրբեջանը մի քանի հարցեր է լուծում: Իմ կարծիքով` Ադրբեջանի մյուս քայլը Սաֆարովին վերացնելը կլինի: Մի հայ կգտնեն ու կասեն, որ մեր հերոսին հայը վերացրել է: Ադրբեջանին Սաֆարովն այլևս պետք չէ, նա իր գործն արդեն արել է, իսկ հիմա գլխացավանք է Ադրբեջանի համար: Ես վախենում եմ, որ միջազգային հանրությանը կհամոզեն, որ Սաֆարովին սպանել է հայը»,–նշել է Տեր–Թադևոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում