«Հրապարակ». Կաթնամթերքի որակի խախտումներ են հայտնաբերվել «Մուլտի ագրո» ընկերությունում

Չնայած նախազգուշացումներին ու սպառնալիքներին, հայրենի արտադրողները շարունակում են մեքենայությունները, որոնք արդեն բացահայտվել են կաթնամթերքի 7 խոշոր արտադրամասերում: «Հրապարակի»  տեղեկություններով, կաթնամթերքի որակի խախտումներ են հայտնաբերվել հայ մեծ բարերար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ագրո» և մի շարք կաթնամթերք արտադրողների, մասնավորապես Հրաչիկ Հակոբյանին պատկանող «Բիո-կաթ» կաթնամթերքի արտադրամասերում: Ըստ «Հրապարակի», պարզվել է, որ վերոնշյալ ընկերություններում կաթին սոդա են խառնում, ինչը վնասակար է առողջությանը (սոդան կաթի թթվելը կանխելու համար է): «Մուլտի ագրո»-ում նաև կաթի փոշու առկայություն է հայտնաբերվել, ինչը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ առկայության մասին մակնշման մեջ կա համապատասխան գրառում: Բնականաբար, նման գրառում գոյություն չունի ապրանքատեսակի մակնշման մեջ: «Հրապարակի» այս տեղեկությունները հաստատել են նաև գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունում: Մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը թերթին հայտնել է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտություն կա կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում տեսչական գործառույթ իրականացնելու, նախօրեին համապատասխան արձանագրություն է կազմվել, ու մեկնարկել են տեսչական ստուգումները: Դիտարկման ընթացքում բացահայտված այս խախտումներին չի անդրադարձել, միայն նշել է, որ ստուգումների ընթացքում կբացահայտվեն բոլոր խախտումները, ու ըստ այդմ պարզ կլինի պատժաչափը: Թերթը նշում է, որ ցանկը վերոնշյալ ընկերություններով չի սահմանափակվում, ընդգրկված են նաև չորս խոշոր ընկերություններ, որոնք նույնպես խախտում են թույլ տվել ու հայտնվել Սննդի անվտանգության տեսչության ռեվիզորների ուռկանում:
Ստուգումները մեկնարկել են սեպտեմբերի 3-ից: Արդյունքների մասին պարզ կլինի 10-15 օրից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում