Yerevan
16
+36°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

«Հրապարակ». Քայլում ենք Երեւանի կենտրոնով

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չկա օր, որ Երեւանի քաղաքապետը՝ շքախումբը ետեւից գցած, չգնա այս կամ այն թաղը, կարմիր ժապավեններ չկտրի, բակեր ու ծաղկանոցներ չբացի, տատիկ-պապիկների հետ ջերմ զրույցի չբռնվի: Բան չունեմ ասելու՝ լավ գործ է, քաղաքապետին վայել:

Բայց այսօր առաջարկում եմ քաղաքապետին ինձ հետ կտրել այն ճանապարհը, որը ես ամեն առավոտ կտրում եմ աշխատանքի գալուց: Սարյան-Արամի փողոցների հատույթից միասին քայլենք մինչեւ Բուզանդի 1/3 հասցե: Ենթադրենք, Արամ-Բուզանդ փողոցների միջակայքում ընկած այգու ճակատագիրը դեռ որոշված չէ, եւ վեճ կա, թե ինչ պետք է լինի այս հատվածում՝ հերթական էլիտար բազմաբնակարա՞նը, այգի՞, թե՞ Սոս Սարգսյանի թատրոնը: Անխնամ վիճակը վերագրենք այս անորոշությանը եւ քայլենք առաջ:

«Մալիբու» սրճարանի դիմացի մայթն անցնելու համար ստիպված ենք մտնել գետնուղի: Այստեղ պարոն քաղաքապետին պետք է առաջարկեմ հակագազ հագնել, որ տարիներ ի վեր չլվացված անցումում չխեղդվի: Բայց դիմացը Մաշտոցի պուրակն է, որը ոչ թե իր՝ քաղաքապետի, այլ մի խումբ երիտասարդների շնորհիվ դարձավ հույսի օազիս, որ Երեւանը մի օր կբարեկարգվի:

Անցնենք առաջ. Արամի փողոցով, որը մայթեր չունի, եւ եթե մի քիչ հավասարակշռությունդ խախտես, կարող ես մեքենայի տակ հայտնվել, քայլենք մինչեւ Աբովյան փողոց: Այստեղ էլ ձեզ Ավետիս Կարագուլյանի չավարտվող շինարարությունն է դիմավորում՝ փոշով, ավազով ու անանցանելի ճանապարհով:

Շարունակենք ճանապարհը՝ Վերնիսաժի տարածքն ավերածությամբ չի զիջում նախորդ հատվածին, իսկ երկու շարժական զուգարաններից ավելի անտանելի գարշահոտ է փչում: Դե իսկ կառավարության 3-րդ մասնաշենքի առջեւի հատվածում դեռ սովետական ժամանակներն են ու անհուսալի ավերակներ, որոնք արդեն չենք էլ նկատում: Հիշեցնեմ, որ մենք քայլում էինք Երեւանի կենտրոնով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում