«Առյուծին սիրում եմ ոչ թե որովհետև կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…». Այս օրը Խորեն Աբրահամյանն է ծնվել (տեսանյութ)

«Առյուծին սիրում եմ ոչ թե որովհետև կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…». Այս օրը  Խորեն Աբրահամյանն է ծնվել  (տեսանյութ)

«Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտես, առյուծին սիրում եմ  ոչ թե որովհետև կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…»:

Այսօր Խորեն Աբրահամյանը   կդառնար 85 տարեկան:

Ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում։ Մասնագիտական կրթությունը  ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որը 1951թ.-ին ավարտելուց հետո  ընդունվել է Գ. Սունդուկյանի անվան թատրոն: 1979-1984թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ: 1985-1988թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980-1995թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:  

Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գուրգեն Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ալեքսանդր Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վիլյամ Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»):  

Հայկական լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով` Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977թ.), Տեր-Ավետիս («Հուսո աստղ», 1978թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979թ.) և այլն:

Աբրահամյանը նկարահանվել է նաև Մոսֆիլմի կինոնկարներում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»:  Վերադառնալով թատերական գործունեությանը՝ հավելենք, որ Գ.Սունդուկյանի անվան թատրոնում Աբրահամյանը բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան»-ը,  Շեքսպիրի «Ջոն արքա»-ն, Գյումրիի թատրոնում՝ Արտաշես Քալանթարյանի «Թիկունք»-ը, Պ.  Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»-ը և Պաոլո Ջակոմետտիի «Ոճրագործի  ընտանիքը» պիեսը: Մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- հեռուստաբեմադրությունների (Մարսել Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն):  

Մասնագետների կարծիքով,   նրա  դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը: Իսկ   ստեղծագործական հաջողությունները պայմանավորված  իր արվեստի ինքնատիպությամբ, արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ: Ինքը՝ Խորեն Աբրահամյանը, դա կապում էր բեմում չստելու  հետ. «Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտն էսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի ու բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն: Իսկ լավը, վստահ եմ, կգա, որովհետև առանց մեծ թատրոնի կյանք գոյություն չունի: Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ ասի` թատրոնն է»:

Անցած տարի այս օրը Նիկոլայ Ծատուրյանին հարցրի՝ քաղաքական գործընթացներին անմիջական մասնակցություն չունենալով հանդերձ՝ Խորեն Աբրահամյանը քաղաքականության հետ, այնուամենայնիվ, ասոցացվում էր կամ ընկալվում որպես «քաղաքական» ծանրակշիռ կերպար: Այսօր, եթե կենդանի լիներ և տեսներ մեր վիճակը, ի՞նչ կասեր, բեմադրիչը պատասխանեց.

«Ինքն ասում էր՝ էս պետությունների կռիվը ոնց որ քուչի կռիվ լինի՝ հլը խփի տեսնեմ է՜, դե, դե…խփի տեսնեմ, է՜…Էս երկիրը շատ էր սիրում, մի անգամ հայտնի գերմանացի ռեժիսորներից մեկը նրան հրավիրել էր Գերմանիա աշխատելու, նա մերժել էր, երբ հարցրեցինք, ասեց, թե գնամ Գերմանիա ինչ անեմ, ես Հայաստանից չեմ գնա»:

Աղջիկը՝  Թամարա Աբրահամյանը, լրացրեց. «Ինքը չէր խառնվում քաղաքականությանը, իր արվեստը ռեալիստական էր, և ես կարծում եմ՝ ինքն իր արվեստով ճիշտը ցույց կտար: Միայն իր արվեստով ցույց կտար ճիշտը, ուրիշ գործընթացների մեջ չէր մտնի»:

Թոռը՝ Խորեն Լևոնյանն էլ թե. «Մի երկու բան կասեր հաստատ: Ես  մոտավորապես գիտեմ, թե ինչ կասեր, բայց չեմ կարող ասել, այսպես ասելու չեն…վերջին հարցազրույցները հուշում են, թե ինչ կասեր»:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում