Ադրբեջանը հերոսի կարիք ուներ և այդ նպատակով ընտրել է Ռամիլ Սաֆարովին. Սամվել Մարտիրոսյան

Ադրբեջանը Ղարաբաղյան պատերազմից հետո հերոսի կարիք ուներ և այդ նպատակով ընտրել է Ռամիլ Սաֆարովին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Պետք չէ կարծել, որ Ադրբեջանն այս քայլով մի քանի հետագա քայլերի շարք է նախատեսել: Նա ուղղակի երիտասարդության համար հերոս կերպար ստեղծելու կարիք ուներ, հատկապես Ղարաբաղյան պատերազմում պարտվելուց հետո, սակայն այդ ընտրությունը սխալ է կատարվել»,-ասաց բանախոսը:

Սամվել Մարտիրոսյանի խոսքերով, մարդասպանՍաֆարովի Բաքվում հայտնվելուց անմիջապես հետո ադրբեջանցի հաքերները գրոհեցին հայկական կայքերի վրա’ կոտրելով մոտ 20 կայք: Հիմնականում կոտրել են «ինչ կայք ձեռքների տակ ընկնում էր», օրինակ քաղցկեղով հիվանդ երեխաների օգնության կազմակերպության կայքը, մանկատներին օգնող հիմնադրամի կայքը: Սակայն նրանց չի հաջողվել որևէ լրատվական կամ պետական կայք կոտրել: Արդեն հաջորդ օրը առավոտյան հարձակում են սկսել հայ հաքերները, որոնց հիմնական թիրախը եղել է պետական ու լրատվական կայքերը: Հայ հաքերներին հաջողվել է կոտրել Ադրբեջանի նախագահի, մի քանի նախարարությունների, լրատվական կայքերը:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ սեպտեմբերի 3-ից դադարեց հաքքերային հարձակումները:

Ասուլիսի մյուս բանախոս հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը, անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիային Ադրբեջան, ասաց, որ ցանկացած քայլ քաղաքականության մեջ ունի նաև հոգեբական պատճառներ:

«Ամբողջ այս պատմությունը հենց բարոյահոգեբանական հիմք ուներ, և Ադրբեջանը սրանով հոգեբանական առումով մեզ ուզում էր ճնշել, ինչպես ուզում էր անել «Եվրատեսիլում» հաղթելով: Ողջ աշխարհը խիստ բացասական անդրադարձավ Ադրբեջանի այս քայլին: Չգիտեմ, այդ քայլն ի օգուտ, թե ի վնաս էր Ադրբեջանի, բայց հոգեբական տեսակետից նա մեկ օրում իր ողջ կերպարը միջազգային հանրության աչքերում հավասարեցրեց զրոյի»,-ասաց Սամվել Խուդոյանը:

Ըստ Խուդոյանի’ այս ամենը բեմականացվածի տպավորություն է թողնում, քանի որ, ուսումնասիրելով Սաֆարովի նկարները, ոչ մի հստակ ուրախություն չի երևում:

«Չգիտեմ, Իլհամ Ալիևին նման խորհուրդ տվել են, թե ոչ, սակայն հետևանքները պետք է կանխատեսվեին, և իմիջի անկում ևս պետք է կանխատեսվեր: Սա մեր մեծ հաղթանակն էր թշնամու ձեռքով, որովհետև ողջ աշխարհը շատ դրական սկսեց ընկալել Հայաստանին և մեր բոլոր խոսքերը Ադրբեջանի վերաբերյալ հաստատվեցին»,-ասաց հոգեբանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում