Վանաձորում ՀՅԴ-ն սատարելու է ՀՀԿ-ական քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանին

Քաղաքապետ Սամվել Դարբինյանի հանրահավաքի ժամանակ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Հովհաննես Թադևոսյանը հայտարարել է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում սատարելու է գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության թեկնածու, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանին:

«ՀՅԴ-ն, գտնվելով ընդդիմադիր դաշտում, միևնույն ժամանակ չէր կարող անտարբեր մնալ այնպիսի լուրջ գործընթացներին, ինչպիսին քաղաքապետի ընտրությունն է»,-ասաց Թադևոսյանը՝ նշելով, որ ՀՀԿ-ական քաղաքապետին սատարելու որոշումը ՀՅԴ Վանաձորի կոմիտեն է կայացրել:

Նույնպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Օրինաց երկիր» կուսակցության Լոռու տարածքային կազմակերպության պատասխանատու քարտուղար Կարեն Դավթյանը:

«Մեր կուսակցությունը, որպես երկրում նշանակալի դեր ստանձնած քաղաքական ուժ՝ պարտավոր է իր քաղաքական դիրքորոշումը հայտնել ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ»,-ասաց ՕԵԿ Վանաձորի քաղաքային կառույցի ներկայացուցիչ Կարեն Դավթյանը՝ հայտարարելով, որ ՕԵԿ-ը Սամվել Դարբինյանի թեկնածությունն է պաշտպանում:

Նշենք, որ ընդդիմադիր ՀԱԿ դաշինքն ու «Ժառանգություն» կուսակցությունը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում թեկնածու չեն առաջադրել և առաջադրվածներից որևէ մեկին չեն սատարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում