Պասիվ պատերազմի վիճակում վիրավորների թիվը չենք կարող պլանավորել. Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի մեղքը մեղմացնող իրավապաշտպանին (տեսանյութ)

Պասիվ պատերազմի վիճակում վիրավորների թիվը չենք կարող պլանավորել. Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի մեղքը մեղմացնող իրավապաշտպանին  (տեսանյութ)

Տարեկան մի քանի տասնյակ  զինծառայող բավականին լուրջ վնասվածքներ է ստանում՝  հիմնականում  հակառակորդի կրակից և Պաշտպանության նախարարությունը  ՀՀ տարածքում  նրանց  բուժման խնդիրներն ամբողջությամբ լուծում է՝ անկախ դրա բարդությունից, ֆինանսական պահանջներից՝  համաձայն ՀՀ օրենսդրության: Օրենքը, սակայն,  չի սահմանում  ծառայության մեջ գտնվող  կամ նախկին զինծառայողների ՀՀ սահմանից դուրս  բուժման  պարտավորություն: Այնուամենայնիվ, նախարարությունը փորձում է նման դեպքերում  դրամային մասնակի օգնություն ցուցաբերել: Այսօր «Զինված ուժերում վիրավորված զինծառայողների բուժսպասարկման հասանելիության խնդիրները» քննարկմանը հայտարարեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ամբողջովին և բոլորին օգնել չեն կարող, քանի որ եվրոպական կլինիկաներում  բուժումը սկսվում է 30-40 հազար դոլարից  և հասնում 100-200 հազարի, իսկ տարեկան նման 3-4 դեպք լինում է:

Այս համատեքստում Արծրուն Հովհաննիսյանն ակնարկեց, որ քիչ չեն դեպքերը, երբ զգացմունքային հողի վրա ծնողներին խաբում են դրսում, թե կփրկեն: «Օրինակ, երբ զինվորին տարան Մոսկվա, գումարը նախնական  փոխանցել էինք, կլինիկան էլ  անկեղծ ասած՝ վատ բան էր  արել և լրացուցիչ գումար պահանջել, մենք դա էլ արեցինք, բայց մեր զինծառայողի կյանքը չկարողացանք փրկել»,-շեշտեց ՊՆ մամուլի քարտուղարը և ավելացրեց, որ լինում են նաև  դեպքեր, երբ տվյալ հիվանդությունը հնարավոր է ՀՀ-ում բուժել, բայց զինվորի ծնողները պնդում են, որ իրենց որդին բուժումը ստանա օրինակ  Շվեյցարիայում:

Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը համաձայնեց՝  շատ դեպքերում պաշտպանության նախարարությունը տրամադրում է գումարներ՝ նկատելով, թե արտերկրում թանկ և երկարատև բուժումը չի վերացնում նախարարության վրայից  պատասխանատվությունը: Ըստ նրա՝  2011-2014 թթ ընթացքում իրենց է դիմել  բանակում  վիրավորված և վնասվածքներ ստացած 41 անձ, որոնց մի մասի առողջական  խնդիրները ՀՀ սահմաններից  դուրս են բուժում պահանջում: Իրավապաշտպանն ընդունեց, որ հարցի կարգավորման համար օրենսդրական փոփոխություն է պետք, հատկապես, երբ Սահմանադրությամբ սոցիալական պետություն ենք:

Արծրուն Հովհաննիսյանը չհամաձայնեց իրավապաշտպանի ձևակերպման հետ, թե պաշտպանական գերատեսչությունը մասնակի օգնության պարագայում հրաժարվում է պատասխանատվությունից.  օգնում են հնարավորության չափով և այն էլ  առանց օրենքի պահանջի.«Ակցենտները պետք է ճիշտ դնել»:

Ի պատասխան իրավապաշտպանն առաջարկեց ֆինանսական պլանավորում իրականացնել, ինչն Արծրուն Հովհաննիսյանն անհնարին համարեց՝ անկանխատեսելի հակառակորդ ունենալու  պարագայում:

Քննարկմանը ներկա մեկ այլ իրավապաշտպան՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի համակարգողի օգնական Արտաշես Սերգոյանը, որը զորակոչիկների առողջական վիճակի բարելավման հետ կապված որևէ  առաջարկ չի ներկայացրել, ափսոսանք հայտնեց, թե ՀՀ ԶՈՒ-ն չի կարողանում պլանավորել վիրավորների քանակը և նվազեցնել հրադադարի խախտման հետևանքով վիրավորման դեպքերը, նույնիսկ՝ կանխել պատերազմական վիճակը, ազդել ադրբեջանական գործողությունների վրա:

Times.am-ի դիտարկմանը, թե ինչպես է սա պատկերացնում, երբ ունենք արկածախնդիր հակառակորդ,  արդյո՞ք սահմանին լարված  կամ  չհայտարարված պատերազմական վիճակի մեղավորը ՀՀ ՊՆ-ն է, իրավապաշտպանը չկարողացավ  հուշել չհայտարարված պատերազմի պայմաններում վիրավորների թվի պլանավորման կամ ադրբեջանական ռազմաքաղաքականության վրա ազդելու մեխանիզմներ,  բայց պնդեց վերոնշյալ միտքը՝ չի կարելի միայն Ադրբեջանին մեղադրել. «Դա կախված չէ միայն Ադրբեջանից, պատերազմական իրավիճակի փոփոխությունը  կախված է նաև մեզանից»: 

«Ոչինչ չի արվում, որ պատերազմն ավարտվի՞, ես զարմանում եմ, որ չենք ցանկանում ճանաչել մեր դիմացի պետությանը՝ իր իշխանություններով: Երբ հազար անգամ Ադրբեջանի նախագահն ասում է, որ «պետք է գնանք, ոչնչացնենք էս պետությունը, որ էս պետությունը ապրելու իրավունք չունի», ո՞նց եք իրանց հետ խաղաղություն պատկերացնում: Կա երկու ճանապարհ, հիմա հարցը տեղափոխել ենք քաղաքակիրթ ճանապարհ՝ բանակցություններ, բայց եթե հակառակորդը չի հասկանում  այդ լեզուն, անընդհատ լարում է վիճակը, մենք էլ ստիպված պատասխանում ենք և դա վերածվում է ոչ ակտիվ պատերազմի, իսկ այս դեպքում ինչքան ուզում ես լավ պլանավորի, զոհեր են լինելու: Չենք ուզում այսպես լինի, բայց դուք փաստերից ռոմանտիզմի եք գնում: Ազդեցություն կա, բայց եթե Ադրբեջանին պատասխանենք «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»-ով, կունենանք լայնամասշտաբ պատերազմ, որը կհանգեցնի տասնյակ հազարավոր զոհերի»,-հակադարձեց  Արծրուն Հովհաննիսյանը:

Այստեղ գործընկերոջն օգնության եկավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը՝ այո, ամեն ինչ չպետք է վերագրել հրադադարի ռեժիմի խախտմանը, քանի որ 2010-2014 թթ..-ի ընթացքում ՀՀ զինված ուժերում մահացության դեպքերի միայն 25 տոկոսն է եղել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Մնացած 85 տոկոսը պայմանավորված են եղել ներքին խնդիրներով՝ կանոնադրային հարաբերություններ, առողջական խնդիրների հետևանք  և այլն.«Միայն 2014թ.-ի օգոստոսից հետո է հրադադարի խախտման պատճառով մահացությունը կրկնապատկվել՝ դառնալով 50 տոկոս»: 

Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց, որ 2014 թվականին միջանձնային հարաբերությունների պատճառով և  հանցագործությունների հիմքով միջադեպերը 60 տոկոսով կրճատվել են:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում