Ազնավուրը, Կաբալյեն, Սպիվակովը, Ջիգարխանյանը և այլ նշանավոր արվեստագետներ մասնակցում են «Millions of Lives» նախագծին (ֆոտո, տեսանյութ)

Ազնավուրը, Կաբալյեն, Սպիվակովը, Ջիգարխանյանը և այլ նշանավոր արվեստագետներ մասնակցում են «Millions of Lives» նախագծին (ֆոտո, տեսանյութ)

«Ոչ միայն ճանաչել, այլ նաև կանխել պատմության կրկնությունը». 2015թ. ապրիլին լրանում է Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից հայերի զանգվածային բնաջնջման 100 -րդ տարելիցը:  Ցավալի է այն փաստը, որ 100 տարի անց Հայոց Ցեղասպանությունը դեռ ճանաչված չէ աշխարհի մի շարք պետությունների կողմից:

Խորապես համոզված լինելով, որ մեզանից յուրաքանչյուրի պարտքն է մեր ժողովրդի առաջ նմանօրինակ բռնության դեմ պայքարելը` երեք ընկերներ` Կարեն Մարգարյանը, Տիգրան Պետրոսյանը և Գրիշա Աղախանյանը՝ KMsounds Production ընկերության հետ համատեղ, նախաձեռնել են մի ծրագիր, որը կոչված է ևս մեկ անգամ հիշեցնելու աշխարհին Ցեղասպանության փաստի իսկության մասին:

Ծրագրի շրջանակներում նկարահանվել է համաշխարհային ճանաչում ունեցող մշակույթի գործիչների մասնակցությամբ տեսահոլովակ: Ըստ կազմակերպիչների, ծրագիրը բավականին լայնածավալ և իրականացման մեջ բարդ է, քանի որ ենթադրում է նկարահանումներ տարբեր երկրներում` ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնությունում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Գերմանիայում և այլուր:

Երգը մի փոքրիկ աղջկա խեղված ճակատագրի մասին է, ով կորցրեց իր ընտանիքը` մնալով այս մեծ աշխարհում միայնակ: Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր և պրոդյուսեր  ԿարենՄարգարյանը, իսկ բառերը գրել է ամերիկացի բանաստեղծուհի Ռիդա Մեյը: Տեսահոլովակի ռեժիսորներն են՝ Միհրան Ստեփանյանը, Հայկ Ատոմցը, Օլեգ Մովչանը, Նատալիա Իվանովան և Օլեգ Տարավկովը:

Հոլովակում նկարահանվել են հայազգի և հայի բարեկամ օտարազգի մշակութային գործիչներ, ովքեր կիսում են փոքրիկ աղջկա վիշտը և այն միլիոնավոր ընտանիքների, որոնց երազանքներն անհետացան անապատի ավազներում՝ Շառլ Ազնավուր, Մոնսերատ Կաբալյե, Արմեն Ջիգարխանյան, Սեբու Սիմոնյան, Վլադիմիր Սպիվակով, Կոկո Յորք, Իշտար Ալաբինա, Դմիտրի Խառատյան,  Լևոն Օգանեզով, Մարիամ Մերաբովա, Անդրեյ Դավիդյան, Տիգրան Պետրոսյան և ուրիշներ:

Պրեմիերան տեղի է ունենալու ապրիլի 17–ին «Մոսկվա» կինոթատրոնում:

 

Լուսանկարները՝ genocidesong.com

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում