Գերի էլ լինեմ, չեմ կարող քծնել. Այս օրը Գետաշենի Արծիվն է ծնվել (տեսանյութ)
Նմանատիպ
Այսօր ՀՀ ազգային Գետաշենի Արծիվը կդառնա 50 տարեկան
Թաթուլ Կրպեյանը ծնվել է Թալինի շրջանի Արեգ գյուղում: Խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո որոշում է պատմաբան դառնալ. ընդունվում է ԵՊՀ, հասցնում է անգամ 1990-ին իր հարազատ Գետաշենի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցիչ աշխատել: Այդ ժամանակ սակայն զենքով կռիվ տալու ժամանակներ էին և Թաթուլ Կրպեյանն իր վրա է վերցնում Գետաշենի շրջանի ինքնապաշտպանությունը` 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիսը ստանձնելով Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարի պարտականությունը: 1991թ. ապրիլին ադրբեջանցի հրոսակները և խորհրդային զորքերը Գետաշենում իրականացրեցին հայտնի «Օղակ» օպերացիան, նպատակը` Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանում:
Սկզբում Թաթուլին հաջողվում է պատանդ վերցնել այդ գործողության ղեկավար ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովին, բայց ռազմաքաղաքական հանգամանքների հետևանքով Կրպեյանը 1991-ի ապրիլի 30-ին Գետաշենում «Օղակ» գործողության ժամանակ զոհվում է. «Վախենո՞ւմ եք մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել, հողի ու ազգի: Ես ոչ մի անգամ Երևանի օդանավակայանում չեմ իջնի ասելով` Գետաշենը հանձնեցինք: Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»: Հետո երևանյան վերջին այցի ժամանակ հաստատել. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն…»:
Թաթուլ Կրպեյանը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը նրա պատվին վերանվանվել է Թաթուլ: Մահվանից հինգ տարի անց` 1996թ. սեպտեմբերի 20-ին փաստացի հերոսը հետմահու արժանանում է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման:
Թերևս, քչերը գիտեն, որ Թաթուլը ոչ միայն զենքով, ազգագրական երգով, այլև գրչով էր պայքարում հանուն Արցախը Հայաստանին միացնելու գաղափարի` անդամակցելով Հայաստան- Արցախ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպությանը:
****
Լեռներն իմ հայոց միշտ էլ հպարտ են,
Հպարտ լեռները արծվոի բույն են,
Բույն են դարերին,
Տուն են հայերին,
Սիրող սրտերին հույսն են լեռները,
Արհավիրքի դեմ սուր են լեռները:
Հայերի համար տուն են լեռները,
Տան տանիքն ու սյունն են լեռները,
Արևի շող են լեռները,
Մայրական սիրով բարուրած մանկան
Անուշ ժպիտ են հայի լեռները:
Մոր սիրող սրտի քնքշանքից հյուսված
Անհուն կարոտի դեզ են լեռները,
Միտքն են ու խոսքն ենՀայոց լեռները…
*****
Սիրտս ցավում է,
Բայց ես հպարտ եմ
Իմ լեռների պես,
Աչքերիս առաջ
Մահն է միայն,
Որ հռհռում է
Տաղտկությամբ մոլի…
Իմ սիրտը ինչու՞
Չի սիրում քծնել,
Չի սիրում անվերջ
Ուրիշի ոտքի
Հողը համբուրել:
Ազատ եմ ծնվել
Իմ լեռների պես,
Գերի էլ լինեմ,
Չեմ կարող քծնել.
Ծնել են լեռներն
Իրենց պես հպարտ,
Հոգին իմ` հսկա,
Սիրտն իմ` վիրավոր…
Ապրում եմ, սակայն
Սիրտս է վիրավոր,
Սիրտս` ցավով լի
Ու դահիճների
Արյանը ծարավ
Որոնք մորթեցին
Ծեր ու երեխա,
Նույնիսկ՝ Մայր անուշ,
Որը շա՛տ է թանկ…
Մորթեցին նրանք,
Սիրտս է ցավում
Ու ցավից այդ խոր
Չի սիրում քծնել,
Ուրիշի ոտքի
Հողը համբուրել,
Անվերջ աշխարհին
Նայել ակնոցով,
Գարունը ծաղկող`
Ճերմակ ձմռան մեջ
Անվերջ փայփայել…
Հետևեք մեզ նաև Telegram-ում