Թուրքիայի նման վարքագիծը խոսում է իր իսկ թուլության մասին. Աղվան Վարդանյան (տեսանյութ)
Նմանատիպ
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի դիտարկմամբ Թուրքիան այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ չի կարողանում համարժեք արձագանքել իրողություններին, ինչը վկայությունը վերջին հայտարարությունն է, թե ապրիլի 24-ին հայերն իրենք կնվագեն, իրենք էլ կպարեն:
«Վերջին շաբաթներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է այստեղ, մասնավորապես, համաշխարհային մամուլի էջերն են ողողված այս թեմայով: Հատուկ բան չէի ցանկանա ասել, բայց ակնհայտ է՝ Թուրքիայի նման վարքագիծը խոսում է իրենց իսկ թուլության մասին»,-լրագրողների հետ ճեպազրույցին շեշտեց «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ համաժողովին մասնակցող Դաշնակցական գործիչը:
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն մի բովանդակության ուղերձ է հղում, իսկ նախագահը լրիվ այլ՝ ցինիզմի հասնող, Աղվան Վարդանյանը նկատեց, որ երկու դեպքում էլ նույն թուրքական ձեռագիրն է.
«Եվ Դավութօղլուի հայտարարությունը, և Էրդողանի նախորդ տարվա ուղերձը, թե իբր ինքը ցավում է կատարվածի համար, ընդամենն աշխարհին խաբելու, աշխարհի ուշադրությունը շեղելու հերթական դրսևորումներն են` չասել ամբողջը, չընդունել Ցեղասպանությունը, բայց աշխարհին փոքր նրբերանգներով ցույց տալ, թե իբր մենք էլ ենք ցավում: Սակայն բուն խնդիրը մեկն է` մինչև չճանաչի Ցեղասպանությունը, Թուրքիան մնալու է այդ բեռի տակ, և ես խորապես համոզված եմ, որ Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումն առաջին հերթին անհրաժեշտ է թուրք ժողովրդին՝ իր ինքնությունը վերագտնելու և ավելի ազատ ապրելու ժամանակակից աշխարհում, մնացածը թուրքական քաղաքականություն է: Այսօրվա Թուրքիայի առաջին դեմքերի քաղաքականությունը տեսնելով՝ բացառում եմ նրանցից որևէ կոնստրուկտիվ քայլ»:
Այս համատեքստում Վարդանյանը հիշեցրեց Թուրքիայի նյարդային սրացումների պատճառները՝ Հռոմի պապի Վատիկանում մատուցած պատարագ և հայամետ ելույթ, Եվրոպայի խորհրդարանի բանաձև, Հայոց ցեղասպանության ճանաչումներ մի շարք երկրների խորհրդարանների կողմից, այդ թվում՝ Ավստրիայի.«Վաղը դա կարող է լինել Գերմանիան, այս ալիքը թափ է հավաքում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում