1989-ի Ապրիլի 24-ը. «Եթե մեզ ապտակողին պատասխան ապտակ չտանք և նստենք լացենք, միշտ ապտակված կմնանք (տեսանյութ)

1989-ի Ապրիլի 24-ը. «Եթե մեզ ապտակողին պատասխան ապտակ չտանք և նստենք  լացենք, միշտ ապտակված կմնանք (տեսանյութ)

«Այսօր ոչ միայն հիշատակի և սգո օր է, այլև՝ հայ դատի ու արդարության»,-1989-ի ապրիլի 24-ին Մատենադարանի մոտ հավաքվածներին ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը փորձում էր հասկացնել, որ սուգը հավերժ է, երբ  պայքար չկա: Այնուհետ շոշափում 1915-ին կատարվածը հիշել-չհիշելու կամ դա պետական միջոցառումների անցկացմամբ  որոշելու, գնահատելու   հարցը. «Ինչ վերաբերում է ապրիլի 24-ի մասին պետական որոշմանը, որ այս տարի պաշտոնապես կարողացանք նշել այդ օրը, ես չեմ ընդունում: Հայ ազգը միշտ էլ նշել է և ավելի ճիշտ, քան այսօր` պետության հետ, որովհետև պետությունը դեռ մեզ հետ չէ, նա կեղծում է և որոշումն էլ կայացրել է ի վնաս ազգի, քանի որ Եղեռնը տեղի է ունեցել ոչ թե Օսմանյան կայսրությունում, այլ` պատմական Հայաստանում: «Պատմական Հայաստանն» անպայման պետք է մտնի բանաձև, որ մենք մեզ զրկած չլինենք հետագա պահանջատիրությունից: Որևէ օրենսդրություն,  որևէ սահմանադրություն ի զորու չէ ճնշել մեր հավաքական ազգի ներքին մղումով  ստեղծված օրենքները և  բարոյական կանոնները»:

Շարունակելով իր հանրահավաքային ելույթը, որն արդիական է նաև այսօր Գորգիսյանը զգուշացնում  է. «Եթե մեզ ապտակողին պատասխան ապտակ չտանք կամ չպահանջենք ապտակի  պատասխանը և  նստենք լացենք, մենք միշտ ապտակված կմնանք:Եթե մենք կորուստների հետևից չընկնենք, անընդհատ կորցնելու ենք: Պայքարը  մեր հիմնաքարն է: Եթե ազգը պայքարի մեջ է, նրա կարծիքը չի կարող երբեք սխալ լինել: Մենք պիտի պայքարենք: Պայքար….

Մեր ազգը մի ամբողջ տարի վարար գետի պես հոսել և մաքրվել է տարիներով պարտադրված ժանգից և  կեղտից: Մենք հոսելով պիտի մաքրվենք և գտնենք մեր ձևը: Միայն  պայքարելով: Հիշենք, որ գետը, եթե հոսում է՝ ճիշտ է, եթե ճիշտ չէ՝ կճշտվի, կմաքրվի: Միայն կանգնած ջուրն է նեխում: Չպիտի կանգ առնել երբեք: Քաղաքական մեր  մաքուր պահանջով,  արդարության ու ազատության մեր անկոտրուն  ոգով մենք   պիտի քայլենք  միշտ  բաց ճակատով` միայն առաջ»:

Հավելենք, որ ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը հանգչում է Ծիծեռնակաբերդում:

Մարիամ  ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում