Հայրենիքն աղքատինն է միայն պատերազմի ժամանա՞կ. Բուռն քննարկում ԱԺ-ում (տեսանյութ)
Նմանատիպ
Հայաստանի խորհրդարանում առաջարկում են երկարաձգել զինվորական ծառայությունից խուսափող մարդկանց՝ Հայաստան վերադառնալու իրավունքը։ «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների» մասին օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ապրիլի 27-ին ներկայացրել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
2003թ. ընդունած օրենքով քաղաքացիները մինչև 27 տարեկանն ամեն բաց թողած զորակոչի դիմաց որոշակի գումար վճարելով, կարող էին վերադառնալ Հայաստան առանց քրեական հետախուզման։ Ավելի ուշ օրենքի ժամկետը երկարաձգվել էր։
Ներկայիս փոփոխություններով առաջարկվում է երկարաձգել այն մինչեւ 2014թ. զորակոչի ավարտը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ նախագծին պետք է տալ դրական եզրակացություն, այլ հարց է, որ այն զուտ իրավիճակային լուծում է:
Նա առաջարկեց բարձրացնել շեմը՝ նշելով, որ հանդիպում են դեպքեր, երբ երիտասարդները բանակից խուսափելու համար իրենց երիկամների մեջ այնպիսի հակաթույներ են ներարկում, որպեսզի կարողանան բժշկական կոմիսիաներով ճանաչվել ոչ պիտանի ծառայության համար: Ոմանց դեպքում էլ «ջերմոցային» ծառայության պայմաններ են ստեղծվում:
Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ թվարկել այն հիվանդանոցների անունները, որտեղ հստակ գիտի՝ 7-8 տարեկան տղա երեխաների համար դոսիեներ են պատրաստում, որպեսզի հետագայում բանակից ազատման փաթեթ պատրաստվի:
Այստեղ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը Նաիրա Զոհրաբյանից պահանջեց կոնկրետ օրինակներ բերել՝ բացառելով, որ հիվանդանոցները նման քայլերի են գնում:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին բերեց սոցցանցային քննարկումներից օրինակներ, երբ խոսվում է, որ մահացածներից ոչ մեկը գոնե միջին կարգի ապրող ընտրանքից չէ, բոլորը ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաներ են. «Չեմ հասկանում այն ասացվածքն իրականությո՞ւն է դարձել, թե հայրենիքն աղքատինն է միայն պատերազմի ժամանակ: Սա անընդունելի է և չի կարող շարունակվել, որ հասարակության մեջ շերտեր կամ կաստաներ ձևավորվեն, բանակում ծառայողների ու չծառայողների համար»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդունեց, որ խնդիրներ կան, բայց նաև հորդորեց՝ վատի կողքին լավն էլ տեսնել:
Մանրամասները՝ տեսանյութերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում