Պատգամավորներն ատոմակայանի շահագործումն անհրաժեշտ են համարում տնտեսական և անվտանգության տեսանկյուններից
Նմանատիպ
Ազգային ժողովի պատգամավորները Հայաստանի համար կարևորում են ատոմակայանի շահագործման անհրաժեշտությունը թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության տեսանկյուններից: Խորհրդարանը շարունակում է քննարկել հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու համաձայնագիրը: Հարցի քննարկման ընթացքում տարբեր խմբակցությունների պատգամավորներ իրենց տեսակետներն են հայտնել hամաձայնագրի և ընդհանրապես ատոմակայանի շահագործման անհրաժեշտության ու դրա կարևորության վերաբերյալ:
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարևորում է հայկական ատոմակայանի անվտանգ և պատշաճ աշխատանքի ապահովումը, ինչը շատ լուրջ նշանակություն ունի Հայաստանի համար: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ առանց ատոմակայանի հնարավոր չէ զարգացնել Հայաստանի տնտեսությունը: «Մեզ համար ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե կարո՞ղ ենք զարգացնել մեր երկրի տնտեսությունը առանց ատոմակայանի: Ես իմ միանշանակ կարծիքն եմ արտահայտում՝ ոչ, չենք կարող, որովհետև էներգետիկ կայուն համակարգը տնտեսության զարգացման կարևոր հիմքերից մեկն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելքումյանը:
Այս համատեքստում պատգամավորը կարևորեց հայկական ատոմակայանի երկրորդ էնեգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու վերաբերյալ համաձայնագիրը՝ ընդգծելով, որ այդ ընթացքում հարկավոր է էական քայլեր ձեռնարկել նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ:
Նա ընդգծեց, որ հայկական ատոմակայանը ոչ միայն մետաղական կոնստրուկցիա է, այլև իր ժամանակի համար տեխնոլոգիական հրաշք, որը ներկայումս ունի արդիականացման կարիք: Պատգամավորը հիշեցրեց, որ 1987թ., երբ ատոմակայանը գործում էր, ՀԽՍՀ-ն արտադրել է 18.5 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա՝ ընդգծելով, որ հարկավոր է կրկին հասնել այդ մակարդակին, ինչը երկրի տնտեսության զարգացման համար լուրջ հնարավորություններ կստեղծի:
Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կարևորեց Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը և առաջարկեց հնարավորինս շուտ սկսել այդ աշխատանքները: Պատգամավորը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանին հաջողվել է նոր ատոմակայանի կառուցման հարցում համաձայնություն ձեռք բերել: «Բոլորս գիտենք, թե որքան կարևոր նշանակություն ունի մեզ համար ատոմակայանը: Ես շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ մենք վերջապես համաձայնություն ենք ձեռք բերել նոր ատոմակայանի կառուցման հարցում, սակայն կարծում եմ, որ հարկավոր է շ ատ արագ սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ, քանի դեռ կա այդ համաձայնությունը, որովհետև որևէ մեկը երաշխիք չունի, որ, օրինակ, 1 կամ 2 տարի հետո մենք կունենանք այդ համաձայնությունը»,- ընդգծեց Մարգարյանը:
Նա առաջարկեց սկսել նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները՝ ընդգծելով, որ դրա համար կարիք չկա ներգրավել անհրաժեշտ ողջ գումարը: «Մենք կարող ենք, օրինակ, սկզբի համար ներդնել 1 միլիոն դոլար և սկսել աշխատանքները: Թող նոր ատոմակայանը պատրաստ լինի 10 տարի հետո, սակայն շատ կարևոր է, որ մենք այդ գործընթացի սկիզբը դնենք, քանի դեռ համաձայնությունը կա: Սա մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի»,- ընդգծեց Մարգարյանը:
Հովհաննես Մարգարյանը չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին՝ իր վարչապետության տարիներին հայկական ատոմակայանի վերագործարկման վերաբերյալ որոշումը կայացնելու և այդ ծրագիրը կյանքի կոչելու համար՝ ընդգծելով, որ հատկապես այդ տարիներին Հայաստանի համար այդ որոշումը շատ կարևոր նշանակություն ուներ:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն առաջարկեց ԱԺ հրավիրել հայկական ատոմային էլեկտրակայանի բոլոր տարիների ղեկավարներին ու նրանցից հաշվետվություն պահանջել իրենց աշխատանքի համար: «Նաև շատ եմ կարևորում, որպեսզի այս օրերին ատոմակայանի վերաբերյալ քննարկվող համաձայնագրերում ներկայացվեն նաև ատոմակայանի հետագա զարգացման նախադրյալները: Տարիներ շարունակ ոլորտի պատասխանանուները խոսում են միայն պահպանման մասին, ինչի համար վարկեր են վերցնում, սակայն հարկավոր է, որպեսզի մենք քննարկենք հետագա զարգացման հետ կապված հարցերը, հասկանանք, թե որո՞նք են լինելու մեր հաջորդ քայլերը»,- ընդգծեց Պողոսյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ ատոմակայան ունենալը Հայաստանի համար շատ կարևոր է ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգության տեսանկյունից: Նրա խոսքով՝ ատոմակայան ունենալը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է և ստիպում է, որ քեզ հետ հաշվի նստեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում