ԱԺ-ում մթնոլորտը թեժ էր. խոսափողներն անջատվել են, աշխատանքը 20 րոպե ընդմիջվել (տեսանյութ)

ԱԺ-ում մթնոլորտը թեժ էր. խոսափողներն անջատվել են, աշխատանքը 20 րոպե ընդմիջվել (տեսանյութ)

Ազգային ժողովը 20 րոպեով ընդմիջել էր  աշխատանքը: Խորհրդարանի աշխատանքը 20 րոպե ընդմիջելու առաջարկով հանդես եկավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ազգային ժողովի նիստը մեկնարկել է  թեժ մթնոլորտում: Ոչ իշխանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին հետաքրքրում էր էլեկտրաէներգիայի թանկացման հարցը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, խոստացավ էլեկտրաԷնեգրայի թանկացման հարցով խորհրդարանական լսումներ հրավիրել՝  շեշտելով, որ Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը նոր է էլեկտրաէներգիայի թանկացման հայտ ստացել:

Այնուհետ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցող բոլոր պատգամավորները կրկին անդրադառնում էին էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին հորդորեց նույն հարցի վերաբերյալ հարցեր չտալ և խոսել միայն ԱԺ քառօրյայի օրակարգի վերաբերյալ:

Պատգամավորները, սակայն, մեկը մյուսի հետևից վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք էին խնդրում և շարունակում  անդրադառնալ  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցին:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման հարցը պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Նա հայտնեց, որ իրենք ձևաթուղթ են նախապատրաստել և պատրաստվում են ԱԺ լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման ներկայացնել այդ հարցը: Գալուստ Սահակյանն անջատեց Լևոն Զուրաբյանի խոսափողը՝ հորդորելով այդ մասին խոսել, երբ կլինեն բավականաչափ ստորագրությունները:

Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ իր մտահոգություններն էր փորձում հայտնել նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, սակայն ԱԺ նախագահը նրա խոսափողը ևս անջատեց:

Լևոն Զուրաբյանը ևս մեկ անգամ վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց, սակայն, երբ նա կրկին սկսեց խոսել նույն թեմայի վերաբերյալ, ԱԺ նախագահը կրկին անջատեց նրա խոսափողը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ձայնի իրավունք խնդրեց և 20 րոպե ընդմիջում վերցրեց:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում