«Ժողովուրդ». Աշտարակի նախկին քաղաքապետը առանց իրավական հիմնավորման աշխատանքից ազատել է 30 աշխատակցի

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով,  Աշտարակի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Թամազյանը երեկ’ կեսօրին, առանց իրավական հիմնավորման, աշխատանքից ազատել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների 30 աշխատակցի և նույն օրը’ ժամը 15-ի սահմաններում, մեկնել Մոսկվա: Ազատման պատճառն այն է, որ նրա որդին’ Գևորգ Թամազյանը’ որպես ավագանու թեկնածու, խայտառակ պարտություն է կրել սեպտեմբերի 23-ին Աշտարակում կայացած ՏԻՄ ընտրություններում: Քաղաքապետն աշխատանքից ազատել է հատկապես նրանց, ովքեր խոստացել են որդու հաղթանակի համար աշխատել, սակայն արդյունքում Գևորգը հավաքել է ընդամենը 150 ձայն (անհրաժեշտ 300-ի փոխարեն):Թերթը դիմել է Արազածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին’տեղեկանալու, թե ինչու է քաղաքապետն իր պաշտոնավարման վերջին օրերին նման կտրուկ որոշում կայացրել: «Ես էլ նոր տեղեկացա ու չգիտեմ’ ինչն է պատճառը: Բայց վստահեցնում եմ, որ Թամազյանի լիազորությունների դադարեցումից հետո մենք աշխատողների հարցը վերանայելու ենք, վերադարձնենք նրանց»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել է մարզպետը: Թերթը հիշեցնում է, որ Գազիկ Թամազյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հորեղբոր որդին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում