«Առավոտ». «Քավության նոխազ» չեն, այլ իսկական գիշատիչ են. խմբագրական

«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Թերահավատությունը, որը դրսևորում է հասարակությունը նախագահի ձեռնարկած վերջին քայլերի նկատմամբ, բնական է’ ինչո՞ւ հիմա, ոչ թե, ասենք, 2-3 տարի առաջ: Իսկապես որ’ ինչո՞ւ, այդ հարցը ես էլ եմ տալիս և իշխանության ներկայացուցիչներից անկեղծ պատասխան չեմ ստանում’ «մենք հիմա չէ, որ դա անում ենք, մենք միշտ, ամենուրեք» և այլն: Իրականում անցյալում մենք տեսել ենք Հովհաննես Թամամյանի և Մարգար Օհանյանի «դեպքերը»’ ինչ խոսք, շատ դրական է, որ նրանք նստած են, բայց ոստիկանությունում շարունակում են ծառայել նրանց նման տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս անգամ, սակայն, մոտեցումը, կարծես թե, ավելի համակարգային է:
Իհարկե, այդ ամենը պետք էր սկսել 2008 թվականին: Բայց հաշվի առնենք «մարտի 1-ից» հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը’ լարվածությունը ոչ միայն քաղաքական էր, այլև հասարակական: Այդ մթնոլորտը փոխելու համար անհրաժեշտ եղավ մոտ երեք տարի’ չնայած այստեղ էլ, կարծում եմ, կարելի էր ավելի արագ գործել: Հետո եկան խորհրդարանական ընտրությունները, անկախ նրանից, թե ինչպես են դրանք ընթացել, արդյունքը պետության տեսակետից բավականին օպտիմալ է’ իշխանությունը, պահպանելով իր դիրքերը, ձեռք բերեց պաշտոնական, պառլամենտական մակարդակում մեղմ ընդդիմախոսներ’ ի դեմս «Բարգավաճի», և արմատական ընդդիմախոսներ’ ի դեմս ՀԱԿ-ի: Որքան սուր լինեն հարցադրումները, այնքան լավ, այնքան պաշտոնյաներն ավելի զգաստ կլինեն: Ի դեպ, իզուր է Կոտայքի մարզպետը զարմանում կամ զայրանում’ իրեն վստահված են բյուջեի, հարկատուների փողերը, և այդ գումարների ամեն մի կոպեկի համար նա պարտավոր է անձամբ հաշվետվություն տալ խորհրդարանին’ դա է ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքներից մեկը:
Խոսքն, ի վերջո, հենց ժողովրդի փողերի մասին է. այդ գումարները մեզնից պետք է հավաքվեն’ մեզ ծառայեցնելու համար: Իրականում դրանք հաճախ ծառայում են հղփացած և լկտի բարձրաստիճան պաշտոնյաներին: Նրանք առանց այդ էլ աղքատ մարդիկ չեն’ «մտած են» տարբեր բիզնեսների մեջ, և այդ փաստով էլ հետագայում անհրաժեշտություն կառաջանա զբաղվելու: Բայց բիզնեսները նրանց չեն բավարարում, և նրանք ձեռք են գցում նաև բյուջեին: Տրամաբանական է, որ կառավարությունում ընդհանուր խոսակցությունից հետո նախագահը սկսեց բանակից’ այն գեներալները, ովքեր գողանում են մեր սահմանին կանգնած զինվորներից, պետք է դատապարտվեն շա՜տ երկար տարիների ազատազրկման: Պակաս կարևոր չէ շինարարությունը’ գործարարները պնդում են, որ ՉԿԱ պետության կողմից պատվիրված որևէ շինարարություն, որտեղ նախարարությունը կամ մարզպետարանը 10 տոկոսանոց «ատկատ» չի ուզում: Նույնպիսի մի «օբյեկտ» է առողջապահության նախարարությունը, եթե, ըստ ֆինանսների նախարարի, մեկ գնման գինը կարող է տատանվել կես միլիարդ դրամով, ապա հասկանալի է, թե քանի հազար սոցիալապես անապահով մարդ է զրկվում բուժօգնությունից:
Վստահ եմ, որ կլինեն նոր պաշտոնանկություններ և ձերբակալություններ: Գուցե դրանց «զոհերին» կանվանեն «քավության նոխազ»: Բայց պետք չէ կոռումպացված չինովնիկներին համեմատել այդ անմեղ կենդանիների հետ: Նրանք այծ չեն’ իսկական գիշատիչ են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում