Կվերամշակվեն պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերը. 1500 մարդ աշխատանք կունենա (տեսանյութ)
Նմանատիպ
Կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որի ընդունումը կնպաստի Հայաստանում ներդրումների իրականացմանը և մի շարք էկոլոգիական խնդիրների լուծմանը:
Հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն ընդգծեց, որ օրենքի ընդունման արդյունքում և դրա հիման վրա ներդրումային ծրագրով կիրականացվի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի վերամշակում:
Նրա տեղեկացմամբ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն ունի կոնսերվացված երկու պոչամբար՝ Ողջին և Փխրուտը, որոնց ծավալները համեմատաբար փոքր են:
«Արծվանիկի պոչամբարն ամենախոշորն է, որն արդեն մինչև 95 տոկոս լցված է: Այնտեղ տարեկան մինչև 18 միլիոն խորանարդ մետր նյութ է լցվում, և ծավալները գնալով մեծանում են: Այս ծրագրի շրջանակներում առաջին փուլով ենթադրվում է մինչև 330 միլիոնի ներդրում, ինչի արդյունքում հնարավոր կլինի 12.5 միլիոն խորանարդ մետր նյութ վերցնել այդ պոչամբարներից և կառուցված գործարանում վերամշակել ու ունենալ մի քանի տեսակի արտադրանք, այդ թվում՝ մետաղական խտանյութի տեսքով և ոչ մետաղական տարբեր նյութերի տեսքով, որոնք հնարավորություն են տալիս նաև կազմակերպել արտադրություններ կոմպոզիցիոն նյութերի տեսքով»,- նշեց Գալստյանը:
Ծրագրի առաջին փուլը նախատեսված է իրականացնել 2015-2018թթ.-ը, երկրորդ փուլը՝ 2019-2025թթ-ը, եթե առաջին փուլը հաջողվի: Առաջինի դեպքում կստեղծվի մոտ 1.500 աշխատատեղ, երկրորդ փուլն իրագործելու դեպքում՝ շուրջ 6000: Հավելենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի վերամշակման առաքելությունը ստանձնել է «Ալյոտիգ» ՍՊԸ-ն:
Մանրամասները՝ տեսանյութերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում