Պետական փամփուշտով որս ըրած ես, քեզ ո՞վ է իրավունք տվել. այս օրը սպանվեց Ցեղին սիրտը՝ Մոնթեն (տեսանյութ)

Պետական փամփուշտով որս ըրած ես, քեզ ո՞վ է իրավունք տվել. այս օրը սպանվեց Ցեղին սիրտը՝ Մոնթեն (տեսանյութ)

Ցեղին սիրտը. այս օրը զոհվեց Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը:

1993թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային՝ ներսը և շուրջը զինվորներ։ Կարծելով հայեր են՝  մոտենում են, բայց պարզվում է՝ թշնամու բանակից են: Սկսվում է  փոխհրաձգություն և  Մոնթեն ու  ընկերը՝ Սարիբեկը սպանվում են: 

Օրվա առիթով  ներկայացնում են Ավոյի հետ կապված մի քանի պատմություն:

                                                    * * *

Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չուներ և չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։

– Էլի խմո՞ւմ եք, – մոտենալով հավաքված զինվորներին՝ հարցնում է Ավոն։

– Դե, հրամանատար ջան, Ղարաբաղի թթի օղին աշխարհին է հայտնի։ Ամեն հաց ուտելուց մի բաժակ պետք է խմի ղարաբաղցին։ Միշտ էդպես է եղել. մեր պապերն էլ, պապերի պապերն էլ, երբ սեղան են նստել, թթի օղին անպակաս է եղել։

– Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել։ Ես անգամ պետք է խմենք վերջում ազգովի, ես ել ձեզ հետ միասին, – ասում է Ավոն:

                                                         * * *

Ղարաբաղում այդ օրերին ամեն կաթիլ վառելանյութը պետք Է ծառայեր միայն ռազմական նպատակների։ Ավոն այն վերահսկում Էր խստորեն։ Մի անգամ մթնշաղին հայ մամիկը, լսելով, որ Ավոն ինչ -որ տեղ Է գնացել,լամպը ձեռքին մոտենում Է զորանոցին ու դիմում հերթապահ զինվորին.

– Որդիս, լսել եմ Ավոն տեղ Է գնացել, մի բաժակ սալյարկա տվեք` լամպը Էսօր վառենք, որդիս դիրքերից տուն Է եկել։Զինվորը, որին մթության քողի տակ չէր ճանաչել մամիկը, ժպտում է։ Ապա մոտ կանչելով անցնող զինվորին ասում է.

– Մեկ դույլ սալյարկա տվեք մայրիկին։

–Վա՜յ, Ավո ջան, դո՞ւ ես, քե մատաղ, բա ասել էին գնացե՞լ ես…

                                                    * * *

Մի քանի զինվոր, քեֆները լավ Ավոյին տեսնելով, փորձում են ճանապարհը շեղել։ Ավոն, նկատելով նրանց, կանչում է ու ժպիտով հարցնում.

– Քեֆներդ մարխո՞շ է, հա՞։

Ապա շրջվելով կանչում է ուստա Սուրենին (ուստա Սուրենը տարիքն առած ղարաբաղցի էր, պահեստապետը։ Պատժվողներն իրենց պատիժը կրում էին նրա պահեստում)։

– Ուստա Սուրեն, ասոնց ձգե նկուղը, դուռն էլ ամուր կողպե։ Քիչ հետո սկսվում է թուրքերի հարձակումը։ Զգացվում է «կալանավորվածների» կարիքը։ Մոնթեն նորից ձայն է տալիս.

– Ուստա Սուրեն, նկուղի դուռը բաց։Մարտից հետո, երբ վերադառնում են զորանոց, Մոնթեն կանչում է տղաներին և պատվիրում ուստա Սուրենին, որ հինգին էլ «պարգևատրի» մեկ ւոուփ ծխախոտով (այն օրերին օրը 6 հատիկ էր սահմանված), ապա ավելացնում է.

– Պարգևատրելեն ետքը նորեն ձգե նկուղը։Տղաները ծիծաղելով ստանում են «պարգևը» և իջնում նկուղ։

                                    * * *

– Երբ մարտն ավարտվում էր մեր հաղթանակով,– պատմում է Թամարան,– բարձր տրամադրությամբ Մոնթեն անսպասելի մեկ էլ դիմում էր ինձ. «Կինը պետք է ամուսնանա, երեխաներ ծնի, օջախը վառ պահի, որ հայ տղամարդու թիկունքը ամուր լինի, թե չէ ի՞նչ գործ ունես պատերազմի հետ»։

Իսկ երբ օրհասական պահեր էին լինում, նորից դիմում էր ինձ. «Ապրես, Թամարա աքի, ազգի պաշտպանությունը կին-տղամարդ չի ճանաչում։ Թեկուզ մահակով` պետք է մեր երկիրը պահենք»։

                                  * * *

Թալիշցի Սմբատը, որին Գուդուր էին ասում, կռվել էր Մոնթեի հրամանատարությանբ գործող ջոկատում: Երբ թուրքերը անասուններն առաջ արած անցնում էին հարձակման, – պատմում էր Սմբատը, – Մոնթեն միշտ մեզ նախազգուշացնում էր. «Ասոնք մեր պապերու հոտերն ու նախիրներն են, թող գան անցնեն` չկրակեք: Մենք ասոնց գողցողներում պիտի պատժենք»:

                                          * * *

– Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք, – պատվիրում է Մոնթեն իր զինվորներին:

– Իսկ եթե իրենք կրակե՞ն, – հարցնում է մեկը:

– Մարերը լացացրեք, – լինում է պատասխանը:

                            * * *

Քելաբաջարի գրավումից հետո տղաները պարգևատրվում են 3000 – ական ռուբլով: Այդ օրը դիրքում գտնվող տղաներից մեկը, մի եղնիկ նկատելով, կրակում է ու վրիպում: Լուրը հասնում է Մոնթեին: Իր մոտ կանչելով ձախողակ «որսորդին» ասում է.

– Լսած եմ, պետական փամփուշտով որս ըրած ես, քեզ ո՞վ է իրավունք տվել:

– Հրամանատար, Քելբաջարից այնքան փանփուշտ, զինամթերք ենք վերցրել,  մի կրակոցն ի՞նչ է:

-Զինվորը` զինվոր է, երբ ունի պետական մտածողություն: Այդ փանփուշտները հայրենիքի պաշտպանության համար են: Որպես պատիժ քո ստացած 3000 ռուբլուն 2000 էլ կավելացնես ու կմուծես որպես տուգանք:

                                 * * *

1992թ. օգոստոս: Մարտունու շրջանի Հացի գյուղի պաշտպանական դիրքեր: Մոնթեն իր բարձր դիտակետից հսկում էր զինվորների անդորրը: Լուսահրթիռների փունջը բռնկվեց, թվաց ծվատեց երկինքը: Մարտն սկսվեց: Միանգամից: Մոնթեն վաշտի հրամանատարներին տվեց վերջին հանձնարարականները, ավելացնելով.

– Աքլորի պես են գալիս, չպետք է ներել:

Հազվադեպ էր պատահում, որ ասկյարները մարտը շարունակեին գիշերով: Բայց այդ օրը նրանք չդադարեցրին գրոհը անգամ մութն ընկելուց հետո: Լուսաբացից առաջ մեծ զոհեր տալով թշնամին նահանջեց: Արևոտ ամպերը շողացին Հացի գյուղի, շրջակա սարերի, դիրքերի վրա: Լուռ էր շուրջբոլորը, լռել եր գյուղը: Մոնթեն իջել էր դիրքերց, ու էլ չեր լսվում նրա ձայնը: Սենյակում գրիչը ձեռքին նա քարացել էր` սեղանին հինգ հերոս-նահատակների մահաթերթիկներն էին…

 Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում