Նազարյանին Բիբինի հարցազրույցը հունից հանել է. նա «մերկացնող» փաստեր բերեց և խոստացավ՝ 2016-ին 5 դրամով կնվազի հոսանքի սակագինը (տեսանյութ)

Ազգային ժողովում ընթանում են  էլեկտրաէներգիայի սակագին բարձրացման վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Լսումներին հրավիրված էր նաև ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, որը սակայն չի ներկայացել: Լսումների մեկնարկին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտնեց, որ ինչ-ինչ պատճառներով Բիբինը  ներկա չի լինելու լսումներին: Մինչդեռ Բիբինը ժամանակ է գտնում հարցազրույցներ տալու և ՀՀ կառավարությանը «մահացու մեղքերում»  մեղադրելու:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով,  խորհրդարանական լսումներին ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի  ներկա չլինելը արհամարհանք  է  Հայաստանի Ազգային ժողովի նկատմամբ:

Ըստ այդմ՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին առաջարկեց մերժել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտը. «Ես գտնում եմ, որ կարող եք այսօր մերժել»:

Ռոբերտ Նազարյանը հակադարձեց, որ նման բան հնարավոր չէ, քանի որ չկա աղբյուր, որը կապահովի ամբողջ էներգետիկ համակարգի ֆինանսական շարունակականությունը: 

Այլ հարց է, որ Նազարյանը համաձայն չէ Բիբինի հարցազրույցում հնչած արդարացումների և մեղադրանքների հետ՝ ուղղված կառավարությանը և ՀԾԿՀ-ին, որոնք իրեն հունից հանել են: Նա պնդեց՝ ՀԷՑ-ում  գործ ունենք վատ մենեջմենթի հետ.

«Պարոն Բիբին, Դուք՝ որպես գլխավոր տնօրեն, ինչի՞ համար չեք նշում այն  մասին, թե դուք ի՞նչ խնդիրներ ու թերացումներ ունեք, ի՞նչ եք պատրաստվում անել այս իրավիճակը շտկելու համար: Ինչի՞ համար  չեք խոսում վատ մենեջմենթի մասին, որ արել է ձեր ընկերությունը: Ես կցանկանայի, որ նա ներկա լիներ այս լսումներին, որպեսզի լսեր այս ամենը»:

Ռոբերտ Նազարյանը հիշեց՝ երբ ՀՀԿ խմբակցությունում քննարկվում էր հարցը, Բիբինը դարձյալ փորձում էր ամբողջ մեղքը գցել արտադրող կայանների վրա՝  որևէ կերպ չանդրադառնալով իր ղեկավարած  ընկերության թերացումներին ու սխալ մենեջմենթին:

«2007-2015թթ. ՀԷՑ-ը կատարել է 102 մլրդ դրամի ներդրում, որը պիտի ուղղվեր  հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի մատակարարմանը, սպասարկման որակի բարձրացմանը: Այդ ներդրումների կատարման արդյունքում 22 մլրդ դրամ մեր կողմից չի ընդունվել երկու պարզ պատճառով՝ ներդրումները կատարելիս  նրանք ավելի բարձր արժեքով են գնումներ կատարել, քան այդ ժամանակվա շուկայական գները, երկրորդ՝ ներդրումների արդյունքում ակնկալվող արդյունքները չենք ստացել»,- փաստեց Նազարյանը:

Ըստ նրա՝ 2007 թվականից մինչև հիմա տարեկան 1,5-2 տոկոսով կորուստներն ավելի բարձր են եղել, քան սակագնում ներառված տեխնոլոգիական կորուստներն են, որը կազմել է 25 մլրդ դրամ: Հաջորդ ճոխ ծախսը,  ըստ Նազարյանի, աշխատավարձի մասով է. 2007 թվականից ամեն տարի մեկ մլրդ դրամի չափով ՀԷՑ-ի աշխատավարձի ֆոնդն ավելացել է, դա եղել է շահույթի հաշվին: Գումարային լեզվով ասած՝ 2007թ. մինչև այս պահը 6 մլրդ 500 մլն դրամ ավելի աշխատավարձ է տրամադրել ընկերությունը, քան նախատեսված էր սակագնով: Ասվածին Նազարյանն ավելացրեց նաև այն, որ  ընկերությունը  կարճաժամկետ վարկեր է վերցնել ավելի բարձր տոկոսներով, ինչի արդյունքում դարձել է անվարկունակ:

Իր հերթին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ  Մանուկյանը հավելեց, որ ՀԷՑ-ը արել է բարեգործություններ, որը  նրան չեն խնդրել. «Ո՞վ է թույլ տվել, որ ՀԷՑ-ը յոթ եկեղեցի վերանորոգի, ո՞վ է դիմել այս բարեգործություններն անելու համար»:

Նազարյանն այստեղ հարկ համարեց ընդգծել՝ սակագնում որևէ ճոխություն չի արտացոլվել, այլ միայն  միայն 37 մլրդ դրամ պարտքը: Այսինքն՝ էլեկտրաէներգիան կթանկանա 6,93 դրամով, ընդ որում՝ 2.4 դրամը գնալու է էլեկտրաէներգիա արտադրող  կայաններին և սպասարկող կազմակերպություններին, 4.24 դրամը՝ բաշխիչ ցանցերին: Իսկ կորուստները հետևանք են փոխարժեքի տատանումների, ատոմակայանի չաշխատելու և սակավաջրության, որոնք  պետք է փոխհատուցվեն:

Նազարյանը վստահեցրեց՝ թեկուզ չնչին հնարավորության դեպքում հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չէր ընդունի: Ի դեպ, նա չբացառեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը մեկ տարի հետո հնարավոր կլինի  5 դրամով նվազեցնել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում