Le Petit Niçois-ն անդրադարձել է ՀՀ Նախագահի Կանն կատարած այցին

Le Petit Niçois-ն անդրադարձել է ՀՀ Նախագահի Կանն կատարած այցին

Կաննի և Հայաստանի միջև կապերը մշտապես ուժեղ են եղել, և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Միդեմ» փառատոնին մասնակցելու համար Ֆրանսիա կատարած այցն ապացուցում է դա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է lepetitnicois.fr կայքը: Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնառը պարբերականին տված մեկնաբանությունում ընդգծել է, որ երկրի ղեկավար ընդունելիս պետք է հետևել արարողակարգերի:

Նա խոսել է նաև Շառլ Ազնավուրի՝ «Միդեմ»-ին մասնակցության մասին: Le Petit Nicois-ն ընդգծում է, որ Ազնավուրից լավ ոչ ոք չի ներկայացնում ֆրանս-հայկական առնչությունները: «Շառլ Ազնավուրի այցելությունը դիվանագիտության և մշակույթի դաշինք էր»,- նշել է Կաննի քաղաքապետը: Նա ընդգծել է, որ ՀՀ Նախագահի հետ խոսել են մշակույթի, Հայաստանի, դիվանագիտության և ապագայի մասին:

lepetitnicois.fr-ն գրում է, որ Ֆրանսիան ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի անմեղ զոհերին, և Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին այն ամենի համար, թե ինչ է տեղի ունենում Կաննում ամեն տարի:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Կաննում մասնակցել է «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնին, ինչպես նաև հունիսի 6-ին փառատոնի շրջանակներում տրված գալա-ընթրիքին հանդես է եկել ելույթով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում