Սայաթ-Նովա փողոցում տեղադրվեց մեծանուն կոնյակակագործ Մարգար Սեդրակյանի հուշատախտակը
Նմանատիպ
Հայ մեծանուն կոնյակագործ Մարգար Սեդրակյանի հուշատախտակը տեղադրվեց Երևանի Սայաթ-Նովա 25 հասցեում: Անվանի կոնյակագործի բարեկամներն ու ժառանգները հունիսի 12-ին մասնակցեցին Սեդրակյանին նվիրված հուշատախտակի բացմանը, խոսեցին կոնյակագործի ֆենոմենի, անցած ուղու մասին, կոնյակ համտեսեցին:
«Ցավալի է, որ հայրիկս շուտ մահացավ: Իր հետ կապված ջերմ հիշողություններ ունեմ. նվիրված էր իր աշխատանքին, մեզ սովորեցնում էր, որ այն, ինչ անում ես, պետք է սիրով և լավ կատարես»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մարգար Սեդրակյանի դուստրը՝ Վանուհի Սեդրակյանը:
Դստեր խոսքով՝ ինքը հավանել է հուշատախտակը, որի հեղինակներն են Իզա Չոլախյանը և Հրաչյա Պողոսյանը:
Մարգար Սեդրակյանի թոռնուհին՝ Գոհար Պետրոսյանն ընդգծեց, որ ութ թոռներից չորսին է բախտ վիճակվել տեսնել նրան: «Ես էլ եմ տեսել նրան: Պապիկս, մայրս երկար տարիներ այս շենքում են ապրել: Ինքն ամեն ինչ ցավագին էր ընդունում, եթե ինչ-որ խախտում էր լինում, ընդունում էր որպես անձնական վիրավորանք»,- նկատեց նա:
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ընդգծեց, որ իրեն բախտ չի վիճակվել տեսնել կոնյակագործին: «Մեծ վարպետի մասին արխիվում հսկայական քանակի փաստաթղթեր կան: Հայկական կոնյակը նրա շնորհիվ օր օրի ավելի մեծ համբավ էր ձեռք բերում: 1937 թվականին նրան մեղադրել են նացիոնալիզմի մեջ՝ միայն նրա համար, որ ասել է, թե հայկական կոնյակն ամենալավն է աշխարհում»,- շեշտեց նա՝ ընտանիքին փոխանցելով Սեդրակյանին առնչվող մի շարք արխիվային փաստաթղթեր՝ հույս հայտնելով, որդրանք ետագայում գիրք կդառնան:
Մարգար Սեդրակյանը երկար տարիներ եղել է Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգը: Նրա շնորհիվ Հայաստանում ընդարձակվել են կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ են հատկացվել խաղողի հումքի մշակման և մթերման համար։ Մարգար Սեդրակյանի ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչել է հայկական կոնյակը:
Սեդրակյանը ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Նրա ստեղծած կոնյակներից են «Հոբելյանական», «Ընտիր», «Հայաստան», «Արտաշատ», «Դվին», «Երևան», «Արարատ», «Ախթամար», «Նաիրի» և շատ այլ տեսակներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում