Եվրոպական խաղերի քողի տակ ադրբեջանական սցենարները ձախողվեց և շրջվեց իր դեմ
Նմանատիպ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ Ադրբեջանը չկարողացավ Առաջին եվրոպական խաղերի անցկացմամբ Արևմուտքի աչքում բարձրացնել սեփական հեղինակությունը: Ավելին՝ նա ձախողվեց միջազգային մամուլի ուշադրությունը տարածաշրջանային խնդիրների վրա սևեռելու և այդկերպ դիվիդենտներ շահելու գործում:
«Ադրբեջանը երկար ժամանակ պատրաստվում էր հնարավորինս քարոզչություն իրականացնելու երկու ուղղությամբ՝ սեփական երկրի հեղինակությունը բարձրացնելու և Հայաստանի հանդեպ սև PR անելու, բայց արդյունքում Ադրբեջանը հայտնվեց այլ սցենարում. միջազգային մամուլը սպորտային քողի տակ Ադրբեջանի վրա շեշտադրում չարեց՝ միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով երկրում կոռուպցիոն սկանդալներն ու մարդու իրավունքների ոտնահարումները, ինչը Ադրբեջանին մղեց բացահայտ տեղեկատվական պատերազմի արևմտյան հանրության դեմ»,- շեշտեց քաղաքագետը՝ հավելելով, որ սա վկայությունն է այն իրավիճակի, որտեղ ակնհայտ են Ադրբեջանի և Արևմտյան աշխարհի միջև առկա քաղաքակրթական ու արժեհամակարգային տարբերությունները:
Հիշեցնենք, որ Արևմտյան Եվրոպայի երկրների ղեկավարները, եթե հաշվի չառնենք գաճաճ պետությունների ղեկավարներին, արհամարել էին Եվրոպական խաղերի մեկնարկի արարողությունը:
Իսկ այն, որ Եվրոպական խաղերի անցկացման վայր ընտրվեց Բաքուն, միակ պատճառը Եվրոպայի տնտեսական վիճակն էր, քանի որ Ադրբեջանն իր վրա էր վերցրել նաև պատվիրակությունների կացության և մի շարք այլ ծախսեր։
Ըստ ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի՝ Եվրոպական խաղերն Ադրբեջանի վրա արժեցել են մոտ 9 մլրդ. դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում