Բաքու մեկնելով՝ մասնակցեցինք Ադրբեջանի անմեղության պսակը հյուսելուն. Մանասյան (տեսանյութ)

Բաքու մեկնելով՝ մասնակցեցինք Ադրբեջանի անմեղության պսակը հյուսելուն. Մանասյան (տեսանյութ)

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը դեմ Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերին Հայաստանի  մասնակցությանը. «Որովհետեւ մեծ խաղը Ադրբեջանում նոր իմիջի ձեւավորումն է, նրա հանցագործ կերպարի քողարկումը…Բաքու մեկնելով՝ հայկական կողմը  փաստորեն  մասնակցում է  Ադրբեջանի անմեղության  պսակը հյուսելուն՝  նրանց անվտանգության ծառայությունների հսկողության տակ: Սա խայտառակ բան է: Եթե Եվրոպային դուր գալու համար են անում,  ինչու են  մոռանում,  որ ադրբեջանցիները չեն գալիս էստեղ այդ կարգի միջոցառումներին մասնակցելու՝ ասելով, որ «ագրեսոր» ենք, իսկ մենք անընդհատ գնում ենք մեղա գալու տեսքով: Ցավը դա է: Մեր աշխարհի չեմպիոնը չգնաց՝ պատճառաբանելով, թե աշխարհի առաջնությանն է պատրաստվում, բայց այդպես  չպետք է ասվի:  Մերոնք պիտի վերջապես մի օր ասեն՝  չենք կարող գնալ, որովհետև  Բաքվի հրապարակները դեռ հիշում են այրվող մարդկանց ու բարձրահարկերից նետվող մարդկանց ճիչերը»:

Քաղաքագետն այս համատեքստում անընդունելի համարեց, որ հայ պատգամավորները Բաքվում տարբեր միջոցառումներին մասնակցելուց հետո վերադառնում են և «գովում են, թե ինչ բարձր մակարդակի վրա է աշխատում Ադրբեջանի անվտանգության ծառայությունը». «Ասում են՝ զուգարանից մինչեւ դահլիճ ապահովված էր անվտանգությունը…»:

Անդրադառնալով Եվրոպական խաղերին  երկրների մասնակցության  պատկերին,  քաղաքագետը նկատեց, թե ի սկզբանե պարզ էր, որ ներկա պահին  իր քաղաքական շահերից և արժեհամակարգային պահանջներից ելնելով  Եվրոպան բարձր մասնակցություն  չէր  ապահովելու: Նույնքան կանխատեսելի  էր   ՌԴ նախագահ   Վլադիմիր Պուտինի մասնակցությունը. «Ռուսաստանը չի ցանկանում վերջնականապես կորցնել Ադրբեջանը»:

Ինչ վերաբերում է  Պուտին-Էրդողան և Պուտին- Ալիև հանդիպումներին  ղարաբաղյան թեմայի շոշափմանը, քաղաքագետն ակնարկեց՝ եթե անգամ Էրդողանն ու Ալիևը  ԼՂ հարցը շոշափած էլ լինեն, Պուտինն այն հաստատ  շրջանցել է՝ լղոզված բացատրություններով:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում