ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի փոխնախագահին

Սեպտեմբերի 27-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՀ փոխնախագահ Ամադո Բուդուին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած կարճատև զրույցի ընթացքում Ա. Բուդուն շեշտեց Արգենտինայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող ջերմ և բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը: Արգենտինայի փոխնախագահը պատրաստակամություն հայտնեց իր նպաստը բերել հայ-արգենտինյան հարաբերությունների բազմակողմանի զարգացման գործում:

Դեսպան Մելիքյանն իր հերթին վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը երկու բարեկամ պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար:

Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությունից հետո ՀՀ դեսպանն ուղևորվեց Սան Մարտինի անվան հրապարակ, որտեղ ԱՀ նախագահական պատվո պահակախմբի ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ծաղկեպսակ զետեղեց արգենտինյան ազգային հերոս, գեներալ Սան Մարտինի հուշարձանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում