Բաղրամյան պողոտայում ավտոտնակի պայթյունի հետևանքով երիտասարդ է մահացել

Բաղրամյան պողոտայում ավտոտնակի պայթյունի հետևանքով երիտասարդ է մահացել

Երևանի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի հետնամասում՝ ավտոտնակում, պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 21-ամյա երիտասարդ է մահացել: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունիսի 16-ին՝ ժամը 01.48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի հ ետնամասում՝ ավտոտնակում պայթյունի ձայն է լսվել, ավտոմեքենա է այրվում, կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն. թիվ 1998 ավտոտնակի դարպասները շպրտվել են հարակից սեփական տան ուղղությամբ և թիվ 60 շենքի բակային հատված, որտեղ հայտնաբերվել է 21 տարեկան Գ. Թ.-ը: Վերջինս «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց» հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Նույն ավտոտնակում ամբողջությամբ այրվել է «Նիսան Քաշքայ» մակնիշի 19ՏՏ190 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հարվածային ալիքից վնասվել են նաև թիվ 60 շենքի 2-րդ հարկի (թիվ 5), 3-րդ հարկի (թիվ 9), 4-րդ հարկի (թիվ 12), 5-րդ հարկի (թիվ 15) և 7-րդ հարկի (թիվ 21) բնակարանների և շքամուտքի (2-րդ հարկից 7-րդ հարկ) պատուհանները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.06-ին, մարվել՝ 02.12-ին: Դեպքի վայրում է գտնվել ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում