Բակո Սահակյանն այսօր կստորագրի ԼՂՀ պաշտպանության նոր նախարարի նշանակման հրամանագիրը

Բակո Սահակյանն այսօր կստորագրի ԼՂՀ պաշտպանության նոր նախարարի նշանակման հրամանագիրը

ԼՂՀ պաշտպանության նոր նախարարի նշանակման մասին հրամանագիրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կստորագրի այսօր` հունիսի 16-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ իրենք սպասում են, որ նշանակման հրամանագիրը լինելու է այսօր:

«Հրամանագիրը կլինի այսօր, սակայն մինչեւ պաշտոնական հրամանագիրը չլինի, չենք կարող նշել, թե ով է լինելու հաջորդ նախարարը»,- ասաց Բաբայանը: «Արմենպրես»-ի դիտարկմանը, որ շրջանառվում են լուրեր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Լեւոն Մնացականյանն է նշանակվելու ԼՂՀ պաշտպանության նախարար, Բաբայանն ասաց.

«Մինչեւ մենք չենք տվել որեւէ պաշտոնական հրամանագիր, ես չեմ ուզում մեկնաբանել այս կամ այն տեղեկությունը: Երբ կլինի հստակ, մենք կտարածենք: Ինչ վերաբերում է Մովսես Հակոբյանին, ապա նա երկար տարիներ եղել է ԼՂՀ պաշտպանության նախարա ր: Մոտ 10 տարի եղել է Պաշտպանության բանակի հրամանատար: Նախկինում նույնպես շատ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել: Մեծ ծառայություն է մատուցել հայրենիքին եւ հիմա տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: Կարծում եմ կշարունակի իր գործունեությունը ի փառս մեր զինված ուժերի զորացմանը»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում