«Առավոտ». Օսկանյանի մեղքերը քաղաքական են. խմբագրական

«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա համարում գրել է. «Պատգամավորական անձեռնմխելիությունը ճիշտ բան է: Որքան էլ քաղաքացիները դրա դեմ բողոքեն, հատկապես ընտրություններից առաջ, որքան էլ նրանք իրավամբ պնդեն, որ կիսագողական գործարարները ձգտում են խորհրդարան մտնել’ իրենց անպատժելիությունն ապահովելու համար, միևնույն է’ դա անհրաժեշտ ժողովրդավարական նորմ է: Այստեղ գործում է հայտնի իրավական սկզբունբը, համաձայն որի’ ավելի լավ է պատժից խուսափեն 10 մեղավորներ, qան դատապարտվի մեկ անմեղ: Տվյալ դեպqում ավելի լավ է, որ, ասենք, Թոխմախի Մհերը կամ գեներալ Մանվելը պատգամավորական անձեռնմխելիություն ունենան, քան Վարդան Օսկանյանը չունենա:
Վարդան Օսկանյանի գործունեությունը’ մինչև ընդդիմադիր դառնալը, ինձ առանձնապես դուր չէր գալիս: Եթե նա այնքան համոզված ժողովրդավար էր, ապա ինչո՞ւ ձայն չէր հանում, երբ ընտրություններ էին կեղծվում, ընդդիմադիրներին բանտ էին գցում և խոշտանգում, «Ա1+» էին փակում: Կամ’ ինչո՞ւ շտապեց աշխատանքից ազատել դիվանագետներին, որոնք շատ մեղմ եղանակով հայտարարել էին, որ 2008 թվականին ընտրությունները պետբ է արդար անցկացնել: Արտաքին քաղաքականի մեջ էլ «Մեղրիի տարբերակը» ինձ պարզապես սարսափելի է թվում’ լավ է, որ այն չիրականացավ: «Մարտի 1-ի» սպանդի և ընդդիմության բիրտ հետապնդումների համար նա, որպես թիմի անդամ, նույնպես պատասխանատվություն է կրում:
Բայց դրանք պարոն Օսկանյանի քաղաքական մեղքերն են, որոնց համար նա պատասխանատու է հասարակության, բայց ոչ օրենքի առաջ: Նրա դեմ գործ են սարքում [իսկ ոչ ոք չի կասկածում, որ դա այդպես է] ոչ թե «իշխանական», այլ հետագա ընդդիմադիր գործունեության պատճառով: Այսինքն’ մի բան է, թե նա բարոյական իրավունք ունի, թե չունի խոսելու, ասենք, ժողովրդավարության կամ արդար ընտրությունների մասին: Մեկ այլ բան է, որ նա չպիտի նստի իր չգործած հանցանքների համար: Պատգամավորին ազատազրկելու համար անհրաժեշտ է նրա գործընկերների համաձայնությունը: Հաշվի առնելով այս և նախորդ գումարումների ԱԺ-ի որակները’ դա միանգամայն հնարավոր է: 98 թվականին պատգամավորների մեծամասնությունն անզուսպ խանդավառությամբ զրկեց Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից: Նրանք շատ լավ գիտեին, թե ինչ է իրենց և իրենց բիզնեսի հետ անելու Ռոբերտ Քոչարյանը, եթե հանկարծ որոշեին Վանոյին «չհանձնել»: Ավելին’ այն ժամանակվա իշխանության «աչքը մտնելու» համար նրանք, չխնայելով իրենց պերճախոսությունը, միացան պաշտոնապես հրահրված «հակավանոյական» հիստերիային: Ի դեպ, դաշնակցականներն էլ դրան միացան’ վրեժ լուծելով ժամանակին իրենց հետապնդած ՀՀՇ-ից: Հիմա մթնոլորտը բոլորովին այլ է’ չկա «պատժվելու» վախը, չկա հիստերիան: Կարծում եմ’ չի լինելու նաև ՀԱԿ-ականների վրեժը’ իրենց հետապնդած քոչարյանականներից: Հետևաբար, ես հույս ունեմ, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «ժառանգությունը» դեմ կքվեարկեն Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն, իսկ հանրապետականներից նույնպես կգտնվեն պատգամավորներ, որոնք անհատներ են, ոչ թե գորշ զանգվածի ներկայացուցիչներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում