Մովսես Հակոբյանին պարգևատրել են, Լևոն Մնացականյանին նշանակել նրա փոխարեն

Մովսես Հակոբյանին պարգևատրել են,  Լևոն Մնացականյանին նշանակել նրա փոխարեն

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ պաշտպանության նախարարություն եւ բանակի հրամանատարական կազմին ներկայացրել նորանշանակ նախարար Լեւոն Մնացականյանին: Ինչպես  տեղեկացրին ԼՂՀ նախագահի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանին իրականացրած ծավալուն աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նրա հրամանատարության տարիներին պաշտպանության բանակի մարտունակությունը հասել է նոր մակարդակի, լուծում է տրվել բազմաթիվ խնդիրների:

Բակո Սահակյանը վստահությամբ նշել է, որ Մովսես Հակոբյանը կշարունակի իր հարուստ փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի նոր պատասխանատու պաշտոնում:Խոսելով նորանշանակ նախարարի մասին` երկրի ղեկավարը նշել է, որ Լեւոն Մնացականյանը հարուստ փորձ, բանակում մեծ հեղինակություն եւ հարգանք վայելող, խոր գիտելիքներ ունեցող գեներալներից է, ով լավագույնս է դրսեւորել իրեն զբաղեցրած բոլոր պաշտոններում:

Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը համոզմունք է հայտնել, որ Լեւոն Մնացականյանը նույն եռանդով կաշխատի նաեւ որպես պաշտպանության նախարար ու պաշտպանության բանակի հրամանատար՝ իր ողջ կարողություններն ուղղելով բանակի զորացման եւ դրա մարտունակության շարունակական բարձրացմանը: Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ նախագահի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից նաեւ տեղեկացրել են, որ  Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր` գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը պարգեւատրվել է  «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում