Բնապահպանների օգնությամբ քննչական խումբը հայտնաբերել է ապօրինի որսի հետքերը Խոսրովի արգելոցում

«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ նախաձեռնության անդամները երեկ ոստիկանների ուղեկցությամբ այցելել են Խոսրովի անտառի այն տեղանքը, որտեղից օրեր առաջ հայտնաբերել էին «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որսի մնացորդներ, և տեղում ապացույցներ գտել իրենց բերած փաստերի վերաբերյալ։ Նախաձեռնության տարածած նոր հայտարարությունում մասնավորապես նշվում է.

«Ս. թ. սեպտեմբերի 27-ին երեկոյան մեր նախաձեռնության անդամներ Մարիամ Սուխուդյանը և Եղիա Ներսեսյանը, ՀՀ Արարատի մարզի քննչական բաժնի կողմից գրավոր ծանուցվել էին հաջորդ օրն առավոտյան ներկայանալ ՀՀ Արարատի մարզի քննչական բաժին՝ ըստ մեղադրանքի Խոսրովի արգելոցում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, որպես վկաներ:

Հաջորդ օրը՝ 28.09.2012թ., վաղ առավոտյան մեր նախաձեռնության անդամներ Սուխուդյանն ու Ներսեսյանն իրենց ներկայացուցչի (փաստաբան Գ. Դավթյան) հետ միասին ներկայացել են ըստ նշված վայրի, որտեղ օրենքով սահմանված կարգով գրավոր վկայություն են տվել 18.09.2012թ. իրենց կողմից Խոսրովի արգելոցում հայտնաբերված ապօրինի որսի հետքերի վերաբերյալ:

Վկայություն տալուց հետո, Սուխուդյանն ու Ներսեսյանն իրենց ներկայացուցչի և նախաքննություն իրականացնող քննչական խմբի հետ միասին «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ին պատկանող ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդ տեղամասի պետի և աշխատակցի ուղեկցությամբ այցելել են դեպքի վայր, նրանց միացել են նաև բնապահպաններ Ա. Զոհրաբյանը և Մ. Խաչատրյանը:

Վկաներ Մ. Սուխուդյանի ու Ե. Ներսեսյանի օգնությամբ ապօրինի որսի (դեպքի) կոնկրետ վայրը հայտնաբերվել է, որտեղ դեռևս տիրել է գարշահոտություն: Ըստ նրանց պատմածի՝ դեպքի վայրից որոշ իրեր և հետքեր արդեն վերացված են եղել, բայց այնուամենայնիվ, իրենց օգնությամբ քննչական խմբին հաջողվել է դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել և առգրավվել բեզոարյան այծի գլուխը, կենդանու ներքին օրգան, ծառի կոտրված ճյուղեր և որոշ իրեր, տարածքը տեսանկարահանվել է և կազմվել համապատասխան արձանագրություն: Առգրավված իրերը նախաքննություն իրականացնող քննչական խմբի կողմից ներկայացվելու են փորձաքննության:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ արդեն ընթանում է նախաքննություն, ուստի դրանից ելնելով մեր նախաձեռնությունը դեռևս ձեռնպահ է մնում այլ մանրամասնություններ հայտարարելուց:

Դեպքի վայրում արված տեսանյութը, տեխնիկական պատճառներով կհրապարակենք քիչ ավելի ուշ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում