ՀՀ-ն ՆԱՏՕ-ին վստահելի գործընկեր է համարում, ՆԱՏՕ-ն վստահեցնում՝ դեմ է ԼՂ հարցի ռազմական լուծմանը

ՀՀ-ն ՆԱՏՕ-ին վստահելի գործընկեր է համարում, ՆԱՏՕ-ն վստահեցնում՝ դեմ է  ԼՂ հարցի ռազմական լուծմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 21-րդ դարում հակամարտությունների առկայության պայմաններում անհարիր է համարում միակողմանի, անզիջում դիրքորոշումները, փակ սահմաններն ու նմանատիպ քայլերը: Այս մասին խոսեց նախարարը Երևանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ Ռոթ 89-րդ սեմինարի ընթացքում: Նա շեշտեց, որ Հայաստանը վստահելի գործընկեր է ՆԱՏՕ-ի համար և հանդես է գալիս պաշտպանական, անվտանգ ության կառույցների միջև հնարավորինս համակողմանի համագործակցության օգտին:

«Քանզի համոզված ենք, որ անվտանգության  առավել բարձր ու կանխատեսելի մակարդակ հնարավոր է միայն երկխոսության, փոխգործակցության, սպառազինությունների վերահսկման,առանց բաժանարար գծերի ու միասնական ու անխախտ միջավայրի ձևավորման դեպքում: Սա վերաբերում է նաև մեր տարածաշրջանին` Հարավային Կովկասին, որը կարիք ունի ընդհանուր անվտանգության միջավայրի գիտակցության ձևավորման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Խոսելով ՆԱՏՕ-Հայաստան մինչ այժմ կառուցված հարաբերությունների մասին` ԱԳ նախարարը կարևորեց առարկայական համագործակցությունը պաշտպանական բարեփոխումների, արտակարգ իրավիճակների, հանրային դիվանագիտության և այլ ոլորտներում:

«Մենք առանձնահատուկ կարևորում ենք Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության խորհրդարանական ձևաչափը, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ակտիվ մասնակցությունը, որի ապացույցն է նաև այս սեմինարի անցկացումը»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը: Նա հույս հայտնեց, որ երևանյան սեմինարը հնարավորություն կտա անդրադառնալ միջազգային ու տարածաշրջանային անվտագության հրատապ խնդիրներին և արդյունավետ ներդրում կունենա դրանց հանգուցալուծմանն ուղղված քննարկումներում:

«Միջագզային հարաբերություններում մարդկության առջև ծառացած մարտահրավերների կարգավորումը համատեղ ու համերաշխ ջանքեր է պահանջում: Հայաստանը ևս փորձում է իր նպաստը բերել միջազգային անվտանգության հաստատման գործերում և այդ առանցքում կարևոր դեր է հատկացնում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին»,-փաստեց նախարարը:

Նա շեշտեց, որ Հայաստանը մի տարածաշրջանում է, ուր առկա են տարաբնույթ մարտահրավերներ, այդ թվում` Հայաստանի հարևանությամբ տեղի ունեցող զարգացումները, որոնք հաճախ չեն պահանջում մեր երկրի անմիջական ներգրավումը դրանցում, բայց անխուսափելիորեն իրենց ազդեցությունն  են ունենում տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների վրա:

«Ճգնաժամային է իրավիճակը Սիրիայում և Իրաքում` Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն», ալ-Նուսրա և այլ ահաբեկչական խմբավորումների գործունեության պատճառով: Այդ պատճառով Հայաստանը զգայուն է անվտանգության միջավայրի փոփոխություններին և հանդես է գալիս առկա բոլոր խնդիրները քաղաքական բանակցությունների, խաղաղ միջոցներով լուծելու օգտին: Մենք մեր հերթին պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում անել այն, ինչն անհրաժեշտ է անցանկալի իրադարձությունները կանխելու համար»,-ավելացրեց Էդվարդ Նալբանդյանը:

Իր հերթին ՆՍՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Պաոլո Ալլին հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն չի խրախուսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը: 

«Բնականաբար, մենք կդիտարկենք վերջին շրջանում ռազմական գործողությունների թեժացումը: Ռազմական մակարդակով թեժացումը չի բխում մեր շահերից, մենք չենք խրախուսում խնդրի ռազմական լուծումը: Հուսով եմ` կողմերը կհանգեն փոխշահավետ լուծման: Հիասթափեցնող է, որ մենք մեկ քայլ հետ ենք նախորդ Ռոուզ Ռոթ սեմինարից: Անշուշտ, Ադրբեջանի պատվիրակության բացակայությունն այս քննարկմանը ցավալի է եւ հուսով եմ ճանապարհ կգտնենք կառուցողական երկխոսության համար: Կողմերը պետք է հասկանան, որ երկխոսությունը միակ լուծումն է»,- ասաց Ալլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում