Հայաստանը կանի առավելագույնը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը լավ կազմակերպելու համար
Նմանատիպ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, դեսպան Ժակ Բիլոդոյի գլխավորությամբ, ով նաև Երևանում կայանալիք՝ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների համաժողովի անցկացման նախապատրաստական հանձնաժողովի նախագահն է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նալբանդյանը դեսպանին հայտնել է, որ Հայաստանը պատրաստվում է նախարարական համաժողովին:
«Հայաստանի արտաքին քաղաքականության համար տարին բավականին հագեցած է և դրան գալիս է լրացնելու շուրջ ութ տասնյակ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Հայաստանը կանի առավելագույնը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով»,- ասել է Նալբանդյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բիլոդոն փոխանցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի ողջույնները։
Ժակ Բիլոդոն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է իր գլխավորած պատվիրակության այցի ընթացքում ունեցած հանդիպումների և քննարկումների մասին՝ վստահություն հայտնելով, որ հայկական կողմը ըստ պատշաճի կընդունի նախարարական համաժողովը։
Հանդիպմանը քննարկվեցին Երևանում հոկտեմբերին կայանալիք համաժողովի անցկացմանն առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում