Թբիլիսիում ջրհեղեղի հետեւանքով 457 մարդ է տուժել
Նմանատիպ
Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից 457 մարդ է տուժել, այդ թվում՝ 119 երեխա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Պետական անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման խորհուրդը:
«Տարերքի հետեւանքով տուժած բնակչության հաշվառման արդյունքում առողջապահության նախարարությունը գրանցել է 106 ընտանիք, ընդամենը՝ 457 մարդու: Նրանցից 119 երեխաներ են, 56-ը՝ տարեցներ, եւ հինգը՝ հղիներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 19 մարդ, երեք բնակիչ անհայտ կորած է համարվում:
Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է, որ 6,9 մլն դոլար Է մոբիլիզացվել Թբիլիսիում ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու եւ աղետի հետեւանքների վերացման համար: Վրաստանի ֆինանսների նախարարության որոշմամբ, պետական գանձարանում հունիսի 15-ին բացվել են հատուկ հաշիվներ, ուր բոլոր ցանկացողները կարող են միջոցներ փոխանցել Թբիլիսիում ջրհեղեղից տուժածներին օգնելու, ինչպես նաեւ տարերային աղետի հետեւանքների վերացման ծախսերը ֆինանսավորելու համար: Հատուկ հաշվիներ են բացվել ինչպես ազգային, այնպես Էլ օտարերկրյա արժույթով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում