10 հետաքրքիր փաստ Անդրես Ինյեստայի մասին
Նմանատիպ
Լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի և «Լիվերպուլի» արդեն նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերրարդի մասին տասական հետաքրքիր փաստ արդեն ներկայացրել ենք: Այս անգամ 10 փաստ ենք ներկայացնում «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի մասին:
10. Թշնամու ճամբարում
Ինյեստան այժմ կարող էր խաղալ ոչ թե «Բարսելոնայի», այլ կատալոնացիների ամենասկզբունքային մրցակցի` «Ռեալի» կազմում: Երբ Անդրեսի ծնողները փորձել են հասկանալ, թե որտեղ ավելի լավ կերևա ապագա աստղի տաղանդը, ընտրություն են կատարել «Բարսելոնայի» օգտին, քանի որ նրանց դուր չեկավ այն թաղամասը, որտեղ տեղակայված է «Ռեալի» ակադեմիան:
9. Թանկարժեք կոշիկ
Անդրես Ինյեստան մինչև հիմա պահում է այն կոշիկները, որ հայրը երեք ամսվա ծանր աշխատանքի խնայողություններով է գնել նրա համար: Այդ ժամանակ Անդրեսը եղել է 5 տարեկան:
8. Մեկ թիմ՝ մեկ սեր
Ինյեստան «Բարսելոնայի» սան է դարձել 1996-ին: Դրանից հետո նա երբևէ չի փոխել ակումբի գույները` անցնելով «Բարսելոնա Բ»-ից հիմնական թիմ տանող ճանապարհը:
7. Կեղծանուն
«Մահ» և «Կասպեր» կեղծանուններն Ինյեստան ստացել է սպիտակ մաշկի համար: Ցուցադրած խաղի համար էլ նրան հաճախ «Աճպարար» են անվանում:
6. Խաղողի այգիներ
«Bogeda Iniesta»-ն գինեգործությամբ զբաղվող ընկերություն է, որի համար Ինյեստան ներդրել է կարիերայի ընթացքում վաստակած գումարը: «Բարսելոնայի» կիսապաշտպանը խաղողի այգիներ է ձեռք բերել հարազատ քաղաքի՝ Ֆուենտեալբիլյայի հարևանությամբ, սակայն առայժմ դրանց ղեկավարման գործը հանձնել է հորը՝ Խոսե Անտոնիոյին: Անդրեսի հայտնիությունն օգնում է նրա կարմիր, սպիտակ ու վարդագույն գինիների վաճառքին:
5. Յուրահատուկ ձեռքբերում
Եվրո 2012-ի եզրափակչում Իսպանիայի հավաքականի տարած հաղթանակն Ինյեստայի համար յուրահատուկ ձեռբերում էր: Նա խոշորագույն մրցաշարերի 7 եզրափակչի է մասնակցել ու հաղթել բոլորում. Չեմպիոնների լիգա (2006, 2009, 2011, 2015), Եվրոպայի առաջնություն (2008, 2012), Աշխարհի առաջնություն (2010):
4. «Ալբասետեի» փրկիչը
8-12 տարեկանը Ինյեստան հանդես է եկել «Ալբասետեի» մանկական թիմում, որը 2011-ին հայտնվեց անդունդի եզրին: «Ալբասետեի» ղեկավարությունը խոշոր պարտքեր ուներ թե՛ ֆուտբոլիստներին, թե՛ բանկերին: Ակումբին կազմալուծում էր սպասվում ու փրկության համար վաճառքի էին հանվել «Ալբասետեի» բաժնետոմսերը: Ինյեստան դարձավ ամենախոշոր գնորդը. աշխարհի չեմպիոնն ակումբի փրկության համար 420.000 եվրո ներդրում կատարեց: Մեկ, ապա երկու տարի անց իրավիճակը կրկնվեց. «Ալբասետեն» միջոցներ չուներ նույնիսկ ֆուտբոլիստների աշխատավարձը տալու համար, ու այդ ժամանակ Ինյեստան դիմեց հանրությանը՝ ակումբին օգնելու կոչով: Սակայն դա փրկության տարբերակ չէր, ու Ինյեստան նորից ու նորից սեփական միջոցներն օգտագործեց:
3. Արժանավայել արարք
Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Հոլանդիայի հավաքականի դարպասը խփած գոլից հետո Իյեստան հանեց մարզաշապիկն ու ցույց տվեց «Daniel Jarque: siempre con nosotros»` «Դանի Խարկե, դու միշտ մեզ հետ ես» գրությունը: Կարիերայի ամենակարևոր գոլն Ինյեստան նվիրեց «Էսպանյոլի» նախկին ավագ Դանիել Խարկեին, ով 2009-ին մահացավ սրտի կաթվածից: Խարկեն Ինյեստայի հետ խաղացել էր Իսպանիայի երիտասարդական հավաքականում:
2. Օգնություն ծնողներին
Ինյեստայի ծնողները համեստ մարդիկ էին ու որպես մատուցող էին աշխատում Ֆուենտեալբիլայում: «Բարսելոնոայի» հետ առաջին պաշտոնական պայմանագրի կնքումից հետո Ինյեստան կարողացավ ապահովվել ծնողներին ու տուն գնել:
1. Կարճատև հիասթափություն
2001 թվականին 17-ամյա Ինյեստային «Բարսելոնայի» այդ ժամանակվա մարզիչ Սերրա Ֆերրերն օգնականի միջոցով հրավիրել է մարզվելու առաջին թիմի հետ: Երիտասարդ ֆուտբոլիստը չի կարողացել գտնել առաջին թիմի հանդերձարանն ու կարծել է, թե ստել են իրեն: Երբ Ինյեստան արդեն մտադրվել է տուն գնալ, հանդիպել է այժմյան գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, ով ուղեկցել է նրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում