Միջնորդավորված վիզաներ. դեսպանատները գործարքի մե՞ջ են մասնավոր ընկերության հետ

Միջնորդավորված վիզաներ. դեսպանատները գործարքի մե՞ջ են  մասնավոր ընկերության հետ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բողոք է ստացել առ այն, որ մի շարք դեսպանատներ քաղաքացիներին  մասնավոր մի ընկերության միջնորդությամբ են  միայն  համաձայնում  վիզա տրամադրել: Ահազանգի հետքերով հանձնաժողովն ուսումնասիրություն է սկսել և պարզել, որ իրականում  Լեհաստանի, Հունաստանի և մի քանի այլ դեսպանատներ համագործակցում են «Ինտերստամպ» ընկերության հետ և  հրաժարվում  են քաղաքացիներին անմիջականորեն վիզա տրամադրել, իսկ միջնորդ ընկերության հետքերը չի բացառվում, որ տանում են դեպի օֆշոր:

Այս մասին Times.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության պետ Հայկ Կիրակոսյանը:

«Քաղաքացիներից վերցնում են վիզաների ստացման փաստաթղթային  փաթեթը և դրա դիմաց  պահանջում վճարել  12.000 դրամ: Երբ քաղաքացին ներկայանում է  դեսպանատուն,  ասում են, որ ժամերը լրացված են: Այստեղ պետք է պարզել՝ որքանով է հիմնավոր, որ դեսպանատունն անձանց փաստաթղթերի ընդունման համար ժամեր չունի, իսկ ընկերության դեպքում՝ ունի, և որքանով է հիմնավոր  «Ինտերստամպ»-ի կողմից 12.000 դրամ պահանջելը: Ուսումնասիրությունները շարունակվում են, մենք դիմել ենք համապատասխան գերատեսչությանը»,- մանրամասնեց նա:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացումից հետո նախկին 60 եվրոյի փոխարեն՝ եվրոպական երկրներ մուտքի արտոնագրերը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է  30 եվրո, իսկ որոշ դեպքերում նույնիսկ անվճար են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում